Վարկային պայմանագրեր կնքելիս հաճախորդը պետք է ձեռագիր լրացնի այն գումարի չափը, որը պետք է վերադաձնի պայմանագրի ավարտին: Վարազդատ Կարապետյան

2020-02-28 22:04:29

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ 

Ամիսներ շարունակ քննարկում ենք տարատեսակ արագ ու կարճաժամկետ վարկերի բացասական ազդեցությունից մարդկանց պաշտպանելու հնարավոր միջոցները։

Վարկային տոկոսադրույքների վերին սահման սահմանելու մեր առաջարկի հիմնական հակափաստարկն այն էր, որ այդպիսով վարկերի պահանջարկը կաճի, կմեծանա նաև "անառողջ" սպառումը։

Կենտրոնական բանկի, ոլորտի կազմակերպությունների և շահագրգիռ մարդկանց հետ մեր հանդիպումների արդյունքում այսօր իմ գործընկեր Արտակ Մանուկյանի հետ ներկայացրել ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը վերաբերում է սպառողական վարկերին՝

- վարկային կազմակերպություններն ու բանկերը մինչև 200.000 դրամ և մինչև երեք ամիս տևողությամբ վարկեր տրամադրելիս պետք է հաշվի առնեն հաճախորդի եկամուտները։ Կենտրոնական բանկի հետ նախնական պայմանավորվածությամբ, հաճախորդի բոլոր վարկերի գծով մարման բեռը պետք է կազմի ընդհանուր եկամուտների 50%- ից ոչ ավել մասը։ Այս կարգավորմամբ փորձում ենք մարդկանց ազատել վարկային ծուղակների ազդեցությունից ապագայում։ Ներկայում արդեն ահավոր ֆինանսական բեռ ունեցող հազարավոր ընտանիքների համար քննարկում ենք այլ լուծումներ։ Կներկայացնենք առաջիկայում։

- Վարկային կազմակերպություններն ու բանկերը իրավունք չունեն արտաքին գովազդ իրականացնել։ Գովազդը միայն կարող է տեղադրվել հենց մասնաճյուղերի տարածքում, դրսից չդիտարկվող հատվածներում։ Սահմանված է վարչական տուգանք նման գովազդի համար։

- Վարկերի տրամադրումը պետք է իրականացվի միայն գրանցված մասնաճյուղերում, այլ ոչ թե ամենուր՝ կրպակներում, խանութներում և այլն։ Կենտրոնական բանկը սահմանում է մասնաճյուղին ներկայացվող պահանջները։

- Վարկային պայմանագրեր կնքելիս հաճախորդը պետք է ձեռագիր լրացնի այն գումարի չափը, որը պետք է վերադաձնի պայմանագրի ավարտին։ Սա արվում է մարդկանց հնարավոր մանիպուլյացիաներից պաշտպանելու համար։

Հուսով ենք, որ ներկայացված կարգավորումը կնպաստի մի կողմից անպատասխանատու, գերբարձր տոկոսներով վարկերի առաջարկի զսպմանը, ինչպես նաև կսահմանափակի անառողջ սպառումը։

Մենք կհետևենք շուկայի զարգացմանը այս օրենքների ընդունման դեպքում, կհասկանանք դրանց ամբողջական իրական ազդեցությունը և, անհրաժեշտության դեպքում, կներկայացնենք կարգավորման ավելի արմատական լուծումներ։