Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ. Սոլեյմանիի վրեժը կլուծվի հարմար պահին եւ հարմար տեղում

2020-01-04 22:51:00

ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի ԻՀՊԿ «Կուդս» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետեւանքների համար։ Այս մասին ասվում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարությունում, տեղեկացնում է Mehr-ը։

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանին հպարտության եւ պատվի աղբյուր էր ոչ միայն իրանցիների, այլեւ մյուս բոլոր մուսուլմանների ու աշխարհի ոտնահարված մարդկանց համար։

Ինչպես նշել է Իրանի գերագույն առաջնորդը, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանողներին սպասվում է դաժան վրեժ։ Այդ հանցագործները վրեժի կարժանանան հարմար պահին, հարմար տեղում։ Բոլոր բարեկամները եւ հակառակորդները պետք է իմանան, որ դիմադրության շարժումը կշարունակվի երկակի մոտիվացմամբ, եւ նրանք, ովքեր պայքարում են, հաղթելու են։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն իր արտահերթ նիստում համապատասխան որոշում է կայացրել այս ողբերգական միջադեպի տարբեր ասպեկտները դիտարկելուց հետո։ Եվ դրանով իսկ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրելու այդ հանցավոր արկածախնդրության բոլոր հետեւանքների համար։