Քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

2019-12-19 11:14:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:

Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։

Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել ուսուցիչների ատեստավորման գործընթաց, որի արդյունքներից ելնելով էլ կիրականացվեն վերապատրաստման ծրագրեր: Աշխատանքներ են տարվում ավագ դպրոցների ծրագրերը փոխելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաև առարկայացանկի և ուսումնական ծրագրի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև կրթական հաստատությունների մասով նախատեսվող կապիտալ ծախսերին, նախակրթարանների գործունեությանը: Նշվել է, որ նախակրթարանում երեխան օրվա ընթացքում գտնվում է ընդամենը 4-5 ժամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով նախակրթարանների մասին՝ նշել է, որ դրանց միջոցով պետությունը պետք է կարողանա ծնողների համար ստեղծել լայն հնարավորություններ՝ աշխատելու համար, իսկ երեխաներն արդեն իսկ նախակրթարաններում պետք է սկսեն կրթական պրոցեսը, մտնեն կրթական գործընթացի մեջ: «Պետք է ունենանք երկրի զարգացմանը նպաստող կրթական ծրագիր, որպեսզի մարդուն օժտենք մաքսիմալ հմտություններով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադարձ է կատարվել մշակույթի, մասնավորապես, թանգարանների, թատրոնների, երաժշտական կոլեկտիվների գործունեությանը, վերջիններիս գործունեության ակտիվացմանը: Վարչապետը կարևորել է մշակութային օջախների արդյունավետ գործունեությունը՝ այդ թվում սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա բացի պետական միջոցներից ներգրավվել նաև այլ ֆինանսներ և ուղղել սեփական գործունեության ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը:

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ պատասխանատուները նշել են, որ վերջին տարվա ընթացքում պետության կողմից հատկացված միջոցների արդյունքում նորագույն սարքավորումներով են վերազինվել շուրջ երկու տասնյակ լաբորատորիաներ: 2020 թվականին գիտությանը հատկացվելիք միջոցներն աճելու են 17 տոկոսով՝ հասնելով 1,5 մլրդ դրամի, ինչն աննախադեպ ծավալ է մինչ այժմ կատարված հատկացումների համեմատ: Նշված միջոցներից 510 մլն դրամն ուղղվելու է կրկին լաբորատորիաների վերազինմանը: 2020-ին նախատեսվում է գիտական հիմնարկների գործունեությունը գնահատելու նպատակով ներդնել կոնկրետ չափանիշներ:

Սպորտի ոլորտին հաջորդ տարվա համար հատկացվել է ավելի քան 4 մլրդ դրամ և դրա շրջանակում նախատեսվում են երեք տասնյակ միջոցառումներ:

Տեղեկացվել է նաև, որ գերատեսչությունում շարունակվում է ծառայողական ավտոպարկի օպտիմալացման գործընթացը. 19 ծառայողական ավտոմեքենայից այժմ նախարարության տրամադրության ներքո է շարունակում մնալ 8-ը:

Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ օպտիմալացման աշխատանքների իրականացումը և տվել կոնկրետ հանձնարարականներ:




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »