Փոխգործակցություն՝ լայն հեռանկարներով. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

2019-12-05 17:08:03

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Մեր նպատակն է ոչ միայն բարելավել հարաբերություններն, այլև ավելի մերձեցնել մեր ժողովուրդներին,- ընդգծել է նախագահը:-Ուրախ կլինեմ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսային հյուրընկալել Հայաստանում՝ բացահայտելու մեր երկիրը, որը հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկ է եղել: Այն այժմ դարպաս է դեպի ԵԱՏՄ»:

Դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը նշել է, որ իր առաջին այցն է Հայաստան և շատ տպավորված է մեր երկրով ու մարդկանցով: «Այն շատ տարբեր է և յուրօրինակ: Մեր երկրների միջև համագործակցության շատ հնարավորություններ եմ տեսնում»,-ասել է նա: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հավատարմագրերի հանձնմամբ նոր հնարավորություններ կբացվեն՝ ավելի սերտացնելու հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջև:

Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ նշելով, որ երկու երկրներն էլ հայտնի են ադամանդագործության ոլորտում ունեցած բարձր որակներով և կարող են հաջողությամբ համագործակցել: Անդրադարձ է կատարվել նաև նորագույն տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտներին, ինչպես նաև այդ ոլորտների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին:




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »