Հնարավոր է՝ վաղը ես էլ հեռանամ երկրից. Արմինկա

2013-07-12 17:13:26

«Հրապարակը» զրուցել է երգչուհի Արմինե Նահապետյանի՝

 Արմինկայի հետ:

 Ի՞նչ երգի պակաս կա Հայաստանում:

-Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս կա մեղեդու պակաս։ Ոչ մեղեդային երգերն այսօր դարձել են գերիշխող։ Ցավում եմ, բայց, օրինակ, իմ որդին հաճախ երգում է «Gangnam style»՝ այն դեպքում, երբ տանը մեծ մասամբ հնչում է դասական երաժշտություն:

 Ձեր զավակի մեծանալուն զուգընթաց է՞լ ինչ մտահոգություններ են առաջ գալիս:

 -Ամենամեծ մտահոգությունս այն է, որ չեմ տեսնում իմ երեխայի ապագան մեր երկրում։ Դժվարությամբ եմ ընտրել մանկապարտեզ, ուր նա կհաճախի, արդեն մտահոգվում եմ նաև առաջիկայում դպրոցի, ուսուցիչների ընտրության հարցերով:

 Ձեր որդին ԱՄՆ քաղաքացի է. արտերկրում ապրելու ծրագրեր կա՞ն:

 -Դեռ ոչ, բայց ոչինչ բացառված չէ։ Հնարավոր է՝ վաղը ես էլ հեռանամ երկրից:

 Ինչո՞ւ:

 -Ես ինձ այս երկրում պաշտպանված չեմ զգում։ Որպես քաղաքացի՝ այս երկրի համար ոչինչ եմ. համոզվել եմ բազում անգամներ:

 Ներքաղաքական կյանքին հետև՞ւմ եք, ընտրություններին մասնակցե՞լ եք:

 -Ոչ, ներքաղաքական կյանքն ինձ չի հետաքրքրում, իսկ ընտրությունների ժամանակ, բարեբախտաբար, Հայաստանում չէի:

 Բայց չէ՞ որ հենց այս գործընթացներից է կախված Ձեր երեխայի ապագան:

 -Այո, բայց ես, որպես քաղաքացի, հիմա ոչինչ չեմ կարող փոխել, հետևաբար, հաճախ նախընտրում եմ լռել:

  Իսկ ի՞նչ եք արել ինքներդ հայրենիքի համար:

 -Ամենատարբեր փառատոններում ներկայացրել եմ Հայաստանը, հայ երգը։ Եղել եմ սահմանամերձ գոտում, այն ժամանակ, երբ այնտեղ հրաձգություն էր, կյանքիս վտանգ էր սպառնում։ Բարեգործական համերգներ եմ ունեցել ժողովրդիս համար, որին ուզում էի իմ հնարավորությունների չափով ուրախացնել:

  Ո՞րն է մեր երկրի, քաղաքացու հիմնական խնդիրը:

 -Հայաստանը չունի առաջնորդ, որը գժի պես սիրում է իր երկիրը։ Ոչ իշխանության, ոչ ընդդիմության շարքերում չեմ տեսնում այդ առաջնորդին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:




Շոու-բիզնես

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Մաշա Մնջոյանը մասնակցել է The Voice Australia (Ավստրալիայի Ձայնը) հաղորդմանը:

Ավելին »