Սպասվում է ձյուն, Հայաստանին սպառնում են ջրհեղեղներ ու սողանքներ. Քննարկում կառավարության նիստում

2019-04-18 14:19:19

 

Կառավարության նիստում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ  ապրիլի  20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրևը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու:

Գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ կարկուտը երեկ սարսափելի չի եղել, և լուրջ վնասներ չկան: «Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցրտահարության վտանգը հաղթահարել ենք, թե՞ վտանգ կա»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Ցոլակյանն ասաց, որ ապրիլի 20-ին և 21-ին ջերմաստիճանը կիջնի ամենաշատը, բայց 99 տոկոսով վտանգ չի լինի: 

Ցոլակյանը հայտնեց, որ Հայաստանի որոշ շրջաններում գետերի մակարդակի բարձրացման հետևանքով կա հեղեղումների վտանգ։ Ակտիվացել են նաև սողանքները։ «6 տեղ մենք սողանքներ ունենք այսօր։ Լոռու մարզում մեկ շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտին։ Կանխատեսվում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհի հատված և մեկ գյուղի ճանապարհ կարող է փակվել։ Մոտ 6000 տոննա հողի զանգված կարող է լցվել ճանապարհի վրա»,– ասաց նա։