Ռազմական բժիշկ, դաշտային վիրաբույժ պատերազմական գործողությունների ժամանակ որպես հրամանատար զորակոչված Տարոն Տոնոյանը ստիպված է կրկին անգամ բարձրաձայնել, թե ի՞նչու և ի՞նչպես է փակվել «Երևան» ԲԿ-ն։
ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ
ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 2: Ըստ բժիշկ Տոնոյանի, թավշյա հեղափոխությունը հույս է արթնացրել խնդրի ազնիվ հանգուցալուծման հանդեպ, քանի որ նախորդ բոլոր փորձերը բախվելով նախկին իրականությանը ընթացք չեն ստացել։
«Ես դեռ 2016 թվականին եմ հայտարարել, որ Զորի Բալայանը խլում է հիվանդանոցը: Ես այն ժամանակ եմ օգտագործել այդ բառը՝ ինձ քցում են: Խնդիրները սկսվել են դեռ 2014 թվականին, Բալայանն ու իր տղան ինձ ասացին, որ պետք է գնամ, հետո ես առաջարկեցի, որ իրենք գնան: Անցավ մի քանի ամիս, ինձ հրավիրեցին Բաղրամյան-26, տեղի ունեցավ բավական կոշտ խոսակցություն, որ պետք է ընդունեմ առաջարկը և դուրս գամ: Ասացին՝ տեսաք ինչ արեցինք Ծառուկյան Գագոյի հետ, դու ի՞նչ կարող ես ասել։ Այդ հանդիպմանը եղավ փողոցային խոսակցություն»,- ասում է Տարոն Տոնոյանը։
Ներկայումս փակ ԲԿ-ի գլխավոր բժիշկը համարում է, որ իր և Բալայանների միջև ծագած խնդիրը լուծված չէ, ինչի հետևանքով 172 հոգանոց անձնակազմ ունեցող «Երևան» ԲԿ-ն շարունակում է փակված մնալ:
Ինչ վերաբերում է «Երևան» ԲԿ-ի գլխավոր բժիշկի նոր հիվանդանոց կառուցելու մտադրությանը, ապա այստեղ նույնպես Տարոն Տոնոյանը բախվել է խոչընդոտի։
«Ես ցանկություն ունեի նոր հիվանդանոց կառուցել «Երևան» ԲԿ-ին շատ մոտ, բայց չկարողացա գործն ավարտին հասցնել, քանի որ վարկերը ևս սառեցվել են: Դատարաններում տարբեր հայցերով 5 գործ է հարուցված»,- իրավիճակը պարզաբանեց բժիշկը։
Գլխավոր բժիշկն անդրադարձավ իր նախկին գործընկեր Հայկ Զորիի Բալայանի ստացած կրթությանը: Բժշկի խոսքով նա չի կարող լռել մի հարցի շուրջ, որ կարող է բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղել և իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց իր ներկայացրած փաստաթղթերի վրա։
«Հայկ Բալայանը հայկական բանակ զորակոչվել է 1995 թվականին: Մինչև 1997 թվական ծառայել է: Կա ՊՆ-ի կողմից տրված տեղեկանք, իսկ կրթության նախարարությունը տեղեկանք է տվել այն մասին, որ նա սովորել է այդ տարիներին՝ անընդմեջ: Սովորել է «Էրեբունի» բժշկական ինստիտուտում, որը մասնավոր բուհ է: 1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է իշխանության, Զորին հնարավորություն է ունեցել տեղափոխել իր տղային, տեղափոխել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան: Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ ինքը ստացել է լեյտենանտի կոչում առանց զինվորական գործի անցնելու: Եվս մեկ բան՝ մի դիմում կա, որտեղ երևում է, որ բացակայել է ինստիտուտից, իր առողջությունը վերականգնելու համար գնացել է Մոսկվա, և սա համընկնում է իր ծառայության ժամանակահատվածին: Ծառայության ժամանակ գնացել է արտերկիր, ՀՀ սահմաններից դուրս է եկել: Ինքը հիմա վիրաբույժ է աշխատում, դասավանդում է համալսարանում, գիտությունների թեկնածու է, պատրաստվում է դառնալ դոկտոր-պրոֆեսոր, բայց անատոմիայի քննությունից 3 է ստացել: 2 գնահատական էլ կա։ Խնդրում եմ, որ քննչական մարմինները լուծում տան, մենք նստենք իմ գործընկերոջ հետ քննարկենք, որոշենք հիվանդանոցի ճակատագիրը»,- ասաց Տարան Տոնոյանը։