ԿՈՒՅՐԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԿՈՒՅՐ ՄՈՏԵՑՈՒՄ

2018-05-30 17:15:51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն, որ կույրերի միավորումում և «Կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը»  տիրում է անօրինություն և միությանը պատկանող ընդհանուր միջոցները վատնվում են կոնկրետ մարդկանց անձնական կարիքների համար ամենևին էլ նորություն չէ։


ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 30: Կույրերի մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը շարունակում է կույրերի համար ստեղծել անհարմարություններ և թույլ չտալ օգտվել այն նվազագույնից , որը նախատեսված է հենց իրենց համար։

Տվյալ խնդրի բարձրաձայնման և լուծման ակնկալիքով տեսողական խնդիրներ ունեցողները նամակով  դիմել էին  մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին։ Նախարարությունում հետաքրքրվել էին խնդրով և հանդիպման հրավիրել նամակի հեղինակներին։ Տեսողական խնդիրներ ունեցողներին ընդունել և լսել է նախարարության աշխատակից Արմինե Ղազարյանը, ով սակայն դժվարացել է պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով, որ կույրերի մշակույթի տունը նախարարության տնօրինությունից դուրս է։ Ստացվում է՝ հանրապետության կույրերի մշակույթի միակ տունը դուրս է մնացել մշակույթի նախարարության վերահսկողության շրջանակից։

Հնարավոր է նաև, որ հենց «ինքնագլուխ» լինելն է նպաստում, որ «Կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» խնդիրները գնալով ավելի թեժ  են դառնում։

«Եղիցի լույս կույրերին» բարեգործական ՀԿ  և տեսողական խնդիրներ ունեցողների «Լույս» երգչախմբի տնօրեն Մարիետա Սարդարյանը պատմում է, որ դեռ երկու տարի առաջ Յուրի Ավետիսյանը երգչախմբին մշակույթի տանը սենյակ էր տրամադրել փորձերի համար։

«Նա նույնպես գրանցվեց երգչախմբում, երբ իմացավ, որ բարեգործները գումար են հատկացնում երգչախմբի անդամներին։ Մշակույթի տան տնօրենը շահ էր ակնկալում նաև բարեգործական գումարից, սակայն երբ համոզվեց, որ դա անհնար է, արգելեց մտնել մշակույթի տուն։ Յուրա Ավետիսյանը շենք մտնել թույլ չի տալիս նույնիսկ տեսողական խնդիրներ ունեցողներին։ Մենք առաջարկեցինք վարձակալել  մեզ տրամադրվող սենյակը, սակայն գումարը տնօրենին չգոհացրեց»,- պատմում է  երգչախմբի տնօրենը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ սա դեռ ամենը չէ, ամենայուղալի պատառները բաժին են հասել Կույրերի միավորման 90 տարին բոլորած նախագահին, որն, ըստ էության, սիմվոլիկ է զբաղեցնում այս պաշտոնը, և տարածքների տնօրինմամբ զբաղվում են նրա  մերձավորներն ու  ազգականները։

Հայաստանի անկախացման դեռ առաջին տարիներին կույրերի միավորման ղեկավարները, ի դեմս Աբել Սեդրակի Հակոբյանի, կարողացան արագ կողմնորոշվել և  պետական կառույցը վերափոխվեց հասարակական բարեգործական կազմակերպության՝ պահպանելով  դեռ ԽՍՀՄ-ի օրոք տրամադրված շինություններից օգտվելու իրավունքը։

Բոլորին քաջ հայտնի Կույրերի միավորման շենքը, Կույրերի մշակույթի տունը և միավորման տնօրինության տակ գտնվող այլ շենքեր այսօր էլ օգտագործվում են և ունեն մեծ պահանջարկ, սակայն դրանց շահագործումը չի ծառայում տեսողական խնդիրներ ունեցողներին։

Նշված շինություններում վարձակալության իրավունքով տարածք է տրամադրվում ցանկացած վճարունակ անհատի կամ կազմակերպության, անկախ գործունեության տեսակից։

Այսպես, օրինակ, Կույրերի միավորումն ու Կույրերի մշակույթի տունն օրրան են դարձել բազմապիսի կրոնական կազմակերպությունների համար, ինչպիսիք են «Աստծո օծյալները», «Ռեյման», «Լոգոսը», «Հոգեգալստականները»։

Այն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ առավել խոցելի շերտ են համարվում, ամենևին էլ գաղտնիք չէ, և հոգեորսությամբ զբաղվողները հաշվարկել են նաև սա։ Ստացվում է՝ տարածք վարձելու համար հարմարավետ տարբերակ, երկուսը մեկում մեկտեղելու հիանալի հնարավորություն, որը, կարծես թե, չի վերահսկվել  ոչ մի պետական կառույցի կողմից։

Կույրերի միավորման տնօրինության ներքո գտնվող տարածքներ տրամադրվում են նաև առևտրային ընկերությունների։ Օրինակ` «Էդվարդ ինթերնեյշնլ» ընկերությանը, որը զբաղվում է ամերիկյան ներկերի վաճառքով Հայաստանում։ Ըստ վարձակալ Էդվին Գևորգյանի, որը նաև «Առնո Բաբաջանյանի» անվան միջազգային հիմնադրամի առաջին փոխնախագահն է և երկար տարիներ Կույրերի միավորումում աշխատել է գլխավոր տնտեսագետ, տարածքն իրեն է տրամադրվում կրկնակի վարձակալությամբ։

Այսինքն` միավորման նախագահի հետ արյունակցական կապ ունեցող անձը համեստ գումարով վարձակալում է Կույրերի միավորման տարածքը ՀԿ-ից և շուկայական գնով հանձնում ցանկացողներին։

Այսպես` ռուսաստանաբնակ գործարար Էդվին Գևորգյանը, իր ղեկավարության տակ գտնվող երկու ընկերությունների՝ «Էդվարդ ինթերնեյշնլ Ա»-ի և «Գրանդ Էլեֆանտ»-ի համար վարձակալում է տարածքներ կույրերի միությունից, ամեն ամիս զգալի գումար  փոխանցում Քաջազնունի 1 հասցեում գտնվող Կույրերի 2-րդ արտադրողական ձեռնարկության տարածքում վարձակալվող երկու տարածքների համար։

Այս շինությունը ևս գտնվում է Կույրերի միավորման տնօրինության ներքո։ Ընկերությունը յուրաքանչյուր ամիս միջնորդի հաշվին է փոխանցում 1 մլն 85 200 (մեկ միլիոն ութսունհինգ հազար երկու հարյուր) դրամ վարձակալության համար։ Ըստ մեզ հասած տեղեկությունների միավորման փաստաթղտերում 1 ք.մ համար վճարվում 500 դրամ, մինչդեռ գործարարը 1 ք.մ համար վճարում է 4000 դրամ։ Սակայն ստացվում է` եկամուտն ուղղվում է դեպի մասնավոր անձանց գրպաններ։

Պակաս բարձիթողի վիճակում չէ նաև Կույրերի միավորման Շիրակի մասնաճյուղը։

Գյումրիում կա կույրերի գրադարան, սակայն այն չի գործում, աշխատակից չկա։

«Ես դիմեցի միությանը` խնդրելով ինձ վերցնել որպես գրադարանավարուհի,- պատմում է տեսողական խնդիր ունեցող Թամարա Հովհանիսյանը,- սակայն ամեն կերպ ձգձգեցին խնդրանքս, տարբեր պատճառներով, բայց ես շատ էի խնդրում: Ապրում եմ տնակում, ունեմ փոքրիկ երեխա և ծայրահեղ վիճակում էի։ Այդպես էլ մերժեցին։ Այսօր այդ տեղում աշխատում է մեկ այլ քաղաքացի, որը միավորումում միաժամանակ կատարում է հինգ աշխատանք։ Կույրերի միավորումում աշխատանքային մենաշնորհ է, ամբողջը բաժանվում է միության նեղ շրջանակի միջև»։

Նրա խոսքով` Շիրակի մարզի մասնաճյուղի նախագահը 77 տարեկան է։

«Ակնհայտ երևում է, որ փոփոխություններ անելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն։ Նույնիսկ միության նախագահի ընտրություններ չանցկացրին, ամեն բան կատարվեց կոծկված և կեղծ»,- հուզվում է տիկին Թամարան։

Ի դեպ, Կույրերի միավորումը կարող ենք ռեկորդային համարել տարեց ղեկավարների առումով։ Եթե Շիրակի մասնաճյուղի նախագահը 77 տարեկան է, ապա Երևանինը` 90։ Արդյո՞ք տարեց ղեկավարն ի վիճակի է զբաղվել կույրերի խնդիրների լուծմամբ, այս պաթետիկ թվացող հարցին պատասխանում է տխուր իրականությունը։ Տեսողական խնդիրներ ունեցողների թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, պարապուրդն ու արհամարհանքը միավորման կողմից։

 

 

«Նույնիսկ միավորումում աշխատանքի առկայության դեպքում պատասխանում են, որ բոլոր տեղերը զբաղված են,- դժգոհում է Ալիկ Խառատյանը,- այսօր համակարգչային աշխատանքների աշխատատեղում գրանցված է մեկը, ով նույնիսկ գաղափար չունի, թե ինչ է համակարգիչը։ Ես ինքս բազմիցս բարի կամքով օգնել եմ համապատասխան աշխատանքներ կատարել, սակայն երբ բանը հասնում է աշխատանքի տեղավորելուն, ապա նորից և կրկին նախընտրում են ոչ կոմպետենտ մասնագետների, որոնք կլինեն իրենց, այսպես ասած, մերձավորների օղակից»։

Կոմպոզիտոր, ռեժիսոր և գործիքավորող Վահան Նահապետյանը, ով զբաղվում է աուդիո գրքերի ձայնագրությամբ պատմում է.

«Առաջարկեցի միավորմանը աուդիո գրքեր տրամադրել` չցանկացան, առաջարկեցի նաև հատուկ ծրագրով անվճար համակարգչային դասեր տալ մեզ պես մարդկանց` պատասխանեցին, որ հարմար տարածք չունենք։ Խոստացան, որ երբ ավարտեն նորոգման աշխատանքները, սենյակ կտրամադրեն, բայց այդպես էլ անվճար դասերի համար անկյուն չգտնվեց»:

 

 

Հետաքրքիր է իմանալ՝ իսկ ինչ տարածքներ են հատկացվում վարձակալության համար, եթե տեսողական խնդիրներ ունեցողների համար նույնիսկ սենյակ չի գտնվում։ ՀԿ-ն հավերժ նորոգման աշխատանքներում է և որպես աշխատանքի արդյունք ներկայացնում է տեսողական խնդիրներ ունեցողների համար թենիս խաղալու դահլիճը։ Սակայն դժվար է պատկերացնել, որ կենցաղային և առօրեական խնդիրներով բեռնված հաշմանդամը առանձնապես կմխիթարվի միության խաղային ձեռքբերմամբ։

«Տեսողական խնդիրներ ունեցողներից շատերն այսօր հացի գումար աշխատելու հնարավորության մասին են երազում և ոչ թե «շարիկ» գլորելու»,- ասում է Վահան Նահապետյանը։

Այսօր, երբ շատ առանցքային խնդիրների անաչառ լուծումներ են տրվում, հարկ ենք համարում նշել նաև, որ այս  մասին աղաղակող և պարբերաբար հրապարակումներ ունենալու արդյունքում արձագանքեցին կենտրոն քննչական ծառայությունից, խնդրեցին հանդիպել նյութեր տրամադրելու համար, որպեսզի շարունակեն հետաքննությունը, սակայն որոշ ժամանակ անց թե կոռուպցիայի թեման և թե կույրերի խնդիրները կրկին մղվեցին հետին պլան։

Ո՞րն էր հետաքննության դադարեցման պատճառը մնում է միայն ենթադրել, հուսանք, որ այս անգամ պատկան մարմինները այլ կերպ կվերաբերվեն տիրող հանցավոր իրավիճակին և խնդիրը կգտնի իրավական լուծում։




Հասարակություն

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՐԹՆ ԷԼ ԿԳԱ

Մեր իրականության մեջ արդեն սովորական է դարձել լսելը, որ բարձրագոչ անուներ ունեցող նախկին պաշտոնյաներ կանչվում են հարցաքննության: Այլ հարց է, որ հետո նրանց հիմնականում բաց են թողնում: Ինչևէ, շուտով գալու է նաև Տարոն Մարգարյանի հերթը:

Ավելին »