Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը, վարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

2019-12-13 15:39:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը:

Վարչապետը նախ անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: «ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Եվ ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ներկայացուցիչների պալատի անդամներին: Գիտեք, որ հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ-ի հայությանը, բոլորն այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործին, և ընդհանրապես շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղսասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի:

Մենք բազմիցս ենք արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլ նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ: Դուք տեղյակ եք, որ հենց Հայաստանի առաջարկությամբ Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ն ընդունեց որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր: Բայց շատ կարևոր է արձանագրել, ինչը մենք բազմիցս ենք արել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի, և այդ պրոցեսը կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից:

Ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ավելի ճիշտ այդ քաղաքականությունն է սպառնալիք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Եվ գիտեք, որ, ըստ էության, շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը և սա, այս երևույթները, իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են:

Եվ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ նաև Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում: Եկեք նայենք, թե ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Իրաքի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ և Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, ու սա ըստ էության ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի:

Եվ այս առումով կարծում եմ՝ նաև միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերագնահատի և վերանայի իր դերը մեր տարածաշրջանում: Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Եվ ընդ որում մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ իմ նշած գործառույթների շրջանակներում, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում, որը ցավոք, այսօրվա իր դերակատարմամբ իմ նշած քայլերի շրջանակներում որոշակի պատմական աղերսներ է ստանում դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ:

Եվ ես նշեցի դեկտեմբերի 9-ի հետ կապված օրվա վերնագիրը՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր»: Այո՛, կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ ցեղապանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն, բայց Թուրքիայի նախագահն այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ արած անպարկեշտ և ցինիկ արտահայտությունները, այո՛, եկան ապացուցելու, որ նման պաշտպանության անհրաժեշտություն կա: Եվ երբ այս բանաձևը ՄԱԿ-ում ընդունվում էր, թերևս այն ժամանակ դժվար կլիներ կանխատեսել, որ այսպիսի իրադարձություններ, հայտարարություններ կլինեն, որոնք լիովին կարդարացնեն նման ձևակերպման արդարացվածությունը»:

Վերադառնալով այսօրվա քննարկման օրակարգին՝ վարչապետը հստակ արձանագրել է, որ իհարկե անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է. այստեղ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական, և՛ դիվանագիտական կոմպոնենտներ կան: «Բայց այնուամենայնիվ, մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ 1 պաշտպանը Զինված ուժերն են, բանակն է, Հայոց բանակն է, և Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են: Այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների:

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Եվ մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության, Զինված ուժերի զարգացման ոլորտում, բայց սպառազինությունների ձեռքբերումն այս ոլորտում մեր վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը: Ես շատ կարևոր եմ համարում, որ լրջագույն քայլեր են արվել Զինված ուժերի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ: Եվ այս ուղղությամբ նույնպես մենք մեր աշխատանքները շարունակելու ենք:

Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի. առաջինը, գիտեք, որ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ և նույնիսկ հակազդեցություն է առաջացնում: Սա բնական մասն է, բայց կա նաև երկրորդ հատվածը, որ մենք, իհարկե, բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումները և փոփոխությունները, որն իրականացնում ենք, իրենց բովանդակության կատարման որակով և արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին և վերջնական նպատակներին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Զինված ուժերում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սպառազինության համալրման, ենթակառուցվածքների զարգացման, բանակում կրթության որակի բարձրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Հումանիտար ականազերծման կենտրոնի գործունեությանը և առաջիկա ծրագրերին:




Քաղաքականություն

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Փաշինյանը՝Բրյուսելում

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին »