Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

2019-11-10 21:25:19

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն`մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։

Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Նախատեսվում է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։




Քաղաքականություն

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը, վարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Ավելին »