ՄՈՆԻԿԱ՛, ՊԴԴԻ՛Ր ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԸ․․․

2018-10-08 16:38:53

 

 

Առաջին ալիքը հերթական անգամ լուրջ չմոտեցավ կարևոր մի իրադարձության: Ինչո՞ւ՝ հերթական անգամ, որովհետև վերջին անգամ անլուրջ վերաբերմունք նկատվեց ‹‹Առաջին լրատվական››-ի հաղորդավարների ընտրության հարցում, երբ հեռուստաեթերում հայտնվեցին մարդիկ, որոնք միշտ այլ բնույթի հաղորդումներ են վարել ու հիմա նրանց շուրթերից հնչող լրատվությունն ավելի շուտ հնչում է ոչ թե մեր հանրապետությունում կամ աշխարհում տեղի ուենցող իրադարձությունների հետ կապված հանրությանը հետաքրքրող կամ կարևորություն ունեցող լուր, այլ  որպես  ‹‹առավոտյան ծրագրի›› չքնած հաղորդավարի տեքստընթերցում, ինչն էլ  հաճախ  մեկ թողարկման ընթացքում մատուցվում է հաղորդավարի թույլ տված  բազմաթիվ սխալներով: Ի՞նչ է, Առաջին ալիքը լրատվականի նոր դեմքեր նախապատրաստելու հնարավորություն չունի՞, մի՞թե  այլևս չկան հասուն, իրենց արած գործի պատասխանատվությունը գիտակցող մարդիկ, մի՞թե  այլընտրանքը  հարսանեկան  արարողություններից ծանոթ «թամադաներն›› են։

Այո՛, Առաջին ալիքը Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը մեզ ներկայացրեց ուղիղ եթերում, բայց երկու մեկնաբաններով, որոնցից  մեկի դատողությունները երբեմն հասնում էին աբսուրդի,  մյուսն էլ հուզմունքից այնքան կցկտուր էր խոսում, որ, փաստորեն, հուզմունքից  այնպես թարգմանեց Մակրոնի խոսքը, որ ստացվեց այն, ինչ ստացվեց:

Հեռուստաէկրանին երևում է Ֆրանսիայի նախագահը, ու ի՞նչ է ասում մեկնաբանը:

- Միջոցառման գլխավոր հովանավորն է ․․․կարծեք . . . մեքենայից․․․ Ելիսեյան պալատից ժամանած… իջնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը….

Լռություն է։ Դուդուկի ելևէջների ուղեկցությամբ դուրս են բերում Ազնավուրի աճյունը․․․ Եթերում այդ լռությունը նորից խախտում է մեկնաբանը և կիսվում իր զգացողություններով, որ իր մոտ առաջացրել է ‹‹Մայրիկ›› ֆիլմը․․․

Գոնե հետո հեռուստադիտողին բացատրեր, թե ինչո՞ւ աճյունը դրեցին գետնին, ինչո՞վ էր պայմանավորված հրաժեշտի այդ կարգը։

Մեկնաբանությունից մի հատված էլ մեջբերենք ․

- Հարկ է հիշել նաև համաշխարհային աստղերի հուղարկավորության կամ հոգեհանգստյան արարողությունները․․․ես հիշում եմ նման մասշտաբի, նման մակարդակի հրաժեշտ տվեցին Մայքլ Ջեքսոնին, ամերիկյան փոփ արքային/Առաջին ալիքի եթերում համեմատվում են անհամեմատելի երկու աստղ/․․․

Եթերում  անընդհատ նշելով Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը  բարձր մակարդակով կազմակերպելու փաստը, որին երկու երկրների առաջին դեմքերն են ներկա, մեկնաբանը, չգիտես ինչու, հիշում է ամերիկյան փոփ աստղի, որի մահը ոչ մի երկրում սուգ հայտարարելու պատճառ չդարձավ:

Հետո արդեն ելույթ ունեցան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը, ում խոսքի թարգմանությունը Առաջին ալիքը վստահել էր ոչ թե ֆրանսերենի համաժամանակյա պորֆեսիոնալ թարգմանչի, այլ ֆրանսերենի լավ գիտելիքներ ունեցող լրագրողի: Արդյունքում ավելին չես պահանջի լրագրողից, որի թարգմանությունը իմաստային որոշակի շեղումներ ունի Մակրոնի իրական խոսքից․․․

Ինչևէ, Առաջին ալիքը հերթական անգամ իր հեռուստադիտողին հասկացրեց, որ սկսել է ավելի հաճախ համապատասխանել ‹‹արդարության հետքերով›› գնացող արուստիգրանյանական կերպարին, որն անլուրջ է, անպատրաստ ու անպատասխանատու:




Բլոգ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

Ավելին »