Ի պատասխան օրերս սոցիալական ցանցում տարածված ադրբեջանական մի տեսանյութի, Արցախի օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում արցախցի երեխաներին հարցնում են՝ արդյո՞ք նրանք թշնամի ունեն, և ո՞վ է նա: Արդյունքը մեկնաբանության կարիք չունի:
Տեսանյութը հրապարակվել է այսպիսի գրառումով.
«2018 թվականի մարտի սկզբին Ադրբեջանական մի տեսանյութ վիրուսի նման տարածվեց սոցիալական ցանցում: Տեսահոլովակը վերբեռնել է ադրբեջանական նախադպրոցական մի հաստատություն, որ ներկայացնում է, թե ինչպես են աշակերտները սովորում, որ հայերն իրենց թշնամիներն են: Մենք որոշեցինք իրավիճակն ուսումնասիրել շփման գծի մյուս կողմում, և ահա թե ինչպիսին են արդյունքները»:
Տեսանյութում արցախցի երեխաներից շատերն ասում են, որ իրենք թշնամի չունեն, իսկ աղջիկներից մեկը նշում է, որ իր թշնամին մուլտֆիլմի հայտնի հերոսն է՝ Մաշան, քանի որ տանջում է արջին: Տեսանյութի վերջում երեխաները ուղերձով դիմում են ադրբեջանցի տղային՝ Յունիսին, ով հայերին իր թշնամին էր համարում. «Յունիս, դու իմ թշնամին չես, ես քո թշնամին չեմ»,-ասում են արցախցի փոքրիկները: