Գորան Բրեգովիչը «Հարսանիքի և թաղման նվագախմբի» հետ կրկին Երևան կգա

2018-03-09 00:05:27

 

Ապրիլի 16-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես կգա հանրահայտ սերբ կոմպոզիտոր, կիթառահար և դիրիժոր Գորան Բրեգովիչը: Նա Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր ֆիլմերի երաժշտության հեղինակն է: 

Հիշեցնենք, որ Բրեգովիչը Հայաստանում բացառիկ համերգով էր հանդես եկել դեռ 2010-ի նոյեմբեր ամսին՝ «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրեգովիչը պարզաբանել էր, թե ինչու են կատակով իր նվագախումբն անվանում «Հարսանիքի և թաղման նվագախումբ», գրում է yerkir.am-ը: «Սերբերն ավանդույթ ունեն թաղումից հետո հոգեհաց տալ: Արարողության ընթացքում երաժիշտները նվագում են այն երաժշտությունը, որը սիրում էր հանգուցյալը, և  շատ հնարավոր է` ուրախ երաժշտություն հնչի: Այդ պատճառով երկու առիթների ժամանակ էլ նույն մարդիկ են նվագում: Իմ նվագախումբն էլ մինչև ինձ հետ համագործակցելը նման առիթների ժամանակ է նվագել»,- ասել է նա:

Ասուլիսի ժամանակ Բրեգովիչը նշել էր նաև, որ Հայաստան գալուց առաջ հայկական ֆոլկլորային ստեղծագործություններ է լսել, որոնք շատ է հավանել. «Եթե դեմ չեք ու եթե ստացվի, ինչ-որ բան «կգողանամ» Հայաստանից: Արդյունքը հետո կտեսնենք»:

Բրեգովիչը Էմիր Կուստուրիցայի հանրահայտ «Սպիտակ կատու, սեւ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» և մի շարք այլ ֆիլմերի երաժշտության հեղինակն է: 




Շոու-բիզնես

Շուշան Պետրոսյանի նոր սանրվածքը

Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել Շուշան Պետրոսյանի հետ:

Ավելին »