Քաղաքի հոգին սպանել են. Հայկ Բիանջյան

2013-07-27 12:40:44

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը մերօրյա պատմիչ է: Պատմում է Երևանի մասին՝լուսանկարների ու դրանցից ստեղծված ֆիլմերի միջոցով: Ոչ միայն պատմում է, այլև ահազանգում է վերացող մշակութային արժեքների , ջնջվող հիշողությունների, և դրանց համար պայքարողների անհավասար պայմանների մասին: Հին Երևանի մասունքների՝ քանդվող ու քանդված շինությունների, Երևանի նկատմամբ հասարակաության վերաբերմունքի և այլ հետաքրքիր թեմաների մասին` Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում. 

 

- Երևանի մասին խոսելիս դուք միշտ անձնավորում եք այն : Ձեր կարծիքով ինչպիսի՞նն են այսօր Երևան-երևանցի փոխհարաբերությունները:  

-Ծնվել և մեծացել եմ Երևանում, բայց այն Երևանից, որտեղ անցել է իմ մանկությունը , գրեթե ոչինչ չի մնացել : Հիշում եմ Մաշտոցի այգին, փակ շուկան, ուր ամեն կիրակի գնում էինք պապիկս հետ գնումներ անելու, այդպիսի ավանդույթ կար: Կիրովի այգին եմ հիշում, այնտեղի ատրակցիոնները, Մարքսի խաղալիքի խանութը, Մոնումենտի կարուսելները... սովետական բարի մանկություն եմ ունեցել ու շատ ցավում եմ, որ այսօր իմ երեխաները չեն կարող այդ մանկությունը վայելել, որովհետև քաղաքը այնքան է փոխվել , որ չգիտեմ բացասական իմաստով այլակերպության այս երևույթին ինչ անուն տամ. ագրեսիան շատացել է: Օրինակ շատ քիչ տեղեր են մնացել քաղաքում, ուր մարդ կարողանա գնալ ու ինչ որ բան հիշել իր մանկությունից,  էլ չեմ խոսում ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների մասին, նրանց համար ընդահնրապես օտարանում է քաղաքը ...  

Քաղաքի հոգին սպանել են ....

Նայում ես քաղաքի կենտրոնին` սարսափում ես, ամայացած կարծես լինի, անմարդաբնակ: Մի կողմից ամեն ինչ կենտրոնում է լցված , բայց ասես դատարկ լինի: Հյուսիսային պողոտայի  և այսպես ասած «էլիտար» շենքերի շնորհիվ Երևանը դառնում է ոչինչ չասող քաղաք : Այդ  «էլիտար» շենքերում բնակվող մարդիկ էլ կածես կապ չունեն Երևանի հետ.  կամ  արտասահմանից են, կամ «գեղացի» են. ոչ թե գյուղացի՛, այլ «գեղցի»,  սխալ չհասկանանք, գյուղացիները աշխատավոր, լավ ժողովուրդ են, իսկ «գեղացիներ»ը պարզունակ ու նյութապաշտական արժեքներով ապրող մադրիկ են, որոնց ձեռքին ինչ-որ ճանապարhներով գումար է հայտնվել և նրանք այլանդակում են քաղաքը. ով ինչպես ուզում, որտեղ ուզում, ինչ ուզում կառուցում է, հաշի չառնելով ոչ մի մասնագետի, անգամ ճարտարապետների կարծիքը:

Ո՞նց կարելի է թույլ տալ որ քաղաքի կենտրոնն այսպես ապականվի:Ճարտարապետը հրապարակի վերակառուցման  մասին է  մտածում, երբ այսպիսի ահավոր վիճակ է տիրում: Ոչ ոք դեմ չէ նոր շենքեր կառուցելուն, բայց դա կառուցել հնի հաշվի՞ն, դա կատարել կոպիտ ճարտարապետական խախտումներո՞վ, անճաշակությա՞մբ, այնքան  քաղաքաշինական խնդիրներ կան լուծելու. սեյսմիկ , էկոլոգիական խնդիրներ ...

Կենտրոնում ապրող երեխաները խաղալու տեղ չունեն, նրանց մանկությունը այփադների մեջ է ... ես հիշում եմ, որ մենք ֆուտբոլ էինք խաղում, ձմռանը՝ հոկեյ,   հեծանիվ էինք քշում, հոլ էինք պտտեցնում, ինչու չէ, նաև կռիվ էինք անում, բայց այդ ամենը  երեխայի մեջ առաջին հերթին դաստիարակում էր ընկերություն , իսկ այսօր երեխեքը մենակ են մեծանում, այփադն է նրանց ընկերը, թվայնացված միջավայրը ստիպում է, ցավոք սրտի, որ այսօր երեխան թույլ զարգացվածություն ունենա, այսինքն ճիշտ է համացանցը  լավ ազդեցություն է ունենում եթե ճիշտ ես օգտագործում , բայց երեխան ավելի հաճախ վերցնում է հեշտ նայվողը, հեշտ ուտվողը,   դրա համար  երբ 2003թ. -ից քաղաքաշինական հարցերն ավելի արդիական սկսեցին դառնալ,  ես դրանք միայն քաղաքաշինական խնդիր չդիտարկեցի. դա մի ամբողջ արժեհամակարգ, մտածելակերպ փոխելու, քանդելու մի քայլ էր, որը ցավոք սրտի, իրականացվեց կենտրոնում:Այսօր կենտրոնի բնակիչը՝ հին երևանցին , ում հանդիպելիս դու հասկանում  ես թե ինքն իր մեջ ինչ պատմություն է կրում, այդ երևանցին չկա, շատ քիչ թվով մարդիկ են մնացել, այն էլ արդեն այս քաղաքում իրենց օտար են զգում ...  Այսօր ամեն բան խառնվել է իրար, կենտրոնում ՝ Բյուզանդի փողոցի վրա, այնպիսի մարդիկ են ապրում հիմա, այնպիսի անհասկանալի կերպարներ, որ կարող են առանց դժվարության աղբը պատուհանից դուրս նետել, դա էլ ի՞նչ երևանցի...

 -Ինչպե՞ս դարձաք Երևանի պատմիչ-ֆոտոլրագրողը

-Արվեստի և ինֆորմացիայի փոխանակաման միաձուլումը ես գտա ֆոտոլրագրության մեջ:  Ես Ռուբեն Մանագսարյանի սանն եմ եղել:Մի ժամանակ մատների վրա կարելի էր հաշվել լավ լուսանկարիչներին, լրագրողներին: Մանգասարյան Ռուբիկը և իր  սերնդակիցները ժապավենով են նկարել: Ռուբիկը նկարել է Ղարաբաղի պատերազմ , երկրաշարժ , մութ ու ցուրտ տարիներ, և երբ այսօր այդ նկարների ցուցադրությունը դու նայում ես, հասկանում ես թե ինչքան արժեքավոր աշխատանք է արվել այն ժամանակ :Դա Հայաստանի մի կտոր պատմությունն է: Հիմա ես էլ ինձ զգում եմ Երևանի պատմությունը ներկայացնողների գործը շարունակող: Այն մարդկանց գործն եմ շարունակում, ովքեր Երևանը նկարել են մինչ հեղափոխությունը , հետո խորհրդային շրջանում էլ ենք մենք շատ լավ լուսանկարիչներ ունեցել և վավերագրական  լուսանկրչությունը տարբերվում է առաջին հերթին նրանով, որ  պարտադիր չէ  այդ պահին գլուխգործոց նկարել, կարևոր է, թե դու ինչ ես նկարում , նյութի ճիշտ ընտրությունը, գուցե այդ պահին այն արժեք չունի բայց մի 5 տարի հետո, 10 կամ 50 տարի հետո արժեք է ձեռք բերում , իսկ Երևանի լուսանկարները շատ արագ են արժևորվում, որովհետև շատ արագ է քաղաքը փոխվում, անճանաչելիորեն է փոխվում ... 

Առաջին նյութս, որ նկարեցի եղել է հրապարակի տակ գտնված հին քաղաքի ավերակները:Ես այն ժամանակ  ժապավենով էի նկարում , գնում էի այդ փոշիների մեջ նկարում: Մանկուց սիրում էի հնություններ:  Հրապարակի տակ գտնված հին քաղաքի ավերակներն ինձ համար ինչ -որ տեղ մանկական, երեխայական հիացմունքի զարմանքի արտահայտում էր, փնտրել գտնելու հետաքրքրություն՝ մտերմացա հնեաբանների հետ, բավականին շատ նկարեցի և այդ նյութը դարձավ իմ առաջին ցուցահանդեսներից մեկի թեման: Ցուցահանդես կազմակերպեցինք մի հարմար սրճարանում, իսկ ամսագրերից մեկի  շապիկին իմ նկարներից տպագրվեց: Այսինքն դա նաև իմ առաջին գործարքն էր.  ինձանից առաջին անգամ լուսանկար գնեցին,  դա ինձ համար մեծ ոգևորությունն էր բայց ես չէի պատկերացնում, որ հետո այս ամենը կդառնա մեծ  նախագիծ՝ կյանքիս մի մեծ հատվածի սկիզջ, նոր էջ:Արդեն 10 տարի հետևում եմ այս ընթացքին, չնայած շատ դժվար ու դեպրեսիվ նախագիծ է, քանի որ դու չես կարող գնալ ու նկարել մի բան, որը սիրում ես , ոնց որ միշտ գնաս ֆուտբոլ նայելու ու միշտ իմանաս, որ քո սիրած թիմը պարտվելու է,  դժվար է ինձ համար, բայց գիտեմ , որ անհրաժեշտություն է, պետք է ես անեմ դա , որն հենց ապացուցեց իմ ֆիլմը՝ «Անհետացող հիշողությունները»  , որ 2011թ.-ին ցուցադրվեց հյուսիսային պողոտայում, ես տեսա մարդկանց արձագանքը, շատերն սկսեցին իրենց մեղավոր զգալ, թե ինչի թողեցին, որ քանդեն քաղաքի կենտրոնի հին շենքերը, Երևանը այսպես  ապականեն...

«Անհետացող հիշողությունները» ֆոտոների վրա  կառուցված մուլտիմեդիա ծրագրով հավաքած փոքրիկ աուդիոձայնագրություններով  ֆիլմ է՝ 7 ֆոտոպատմություններ.

Այն ինչ տեղի էր ունենում  օրինակ  Բյուզանդի փողոցում ահավոր էր. մարդկանց վռնդում էին իրենց սեփական տներից,  նրանք բարիկադներով էին պաշտպանվում: Ես այդ ամենը նկարեցի ու դարձա դրա մասնակիցն ու ականատեսը և այդ շարքը դարձավ Երևանի խրոնիկա: Այդ մարդկանցից շատերի հետ կապ եմ պահպանում, ցավոք սրտի նրանցից ոմանք մահացել են արդեն տարիքով էին, բայց մտածում եմ , որ գուցե այս ապրումները նույնպես նպաստեց: Շատերը մեծ դժվարությամբ էին լքում իրենց տները, որովհտև դա իրենց մանկությունն էր,  իրենց թաղամասն էր, իրենց  հիշողությունն էր  ու ստիպված էին քաղաքի ծայրամասերում տուն գնել, որովհետև փոխհատուցման գումարները շատ քիչ էին...

-Ֆոտոլրագրությունն ի՞նչ դեր  ունի քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում

-Ֆոտոլրագրությունը կարող է շատ բան փոխել և ազդել շատ խնդիրների վրա, երբ ֆոտոլրագրողն իր մասնագիտության տերն է լինում և գնում է մինչև վերջ : Մենք ունենք այդպիսի մարդիկ  Նազիկ Արմենակյանը, Անահիտ Հայրապետյան և էլի  շատ մարդիկ, ովքեր իրենց ընտրած ուղին ունեն, մեծ նախագծեր են անում և իրենք իրենց մասնագիտությանը տեր են … բայց մի բան էլ կա. ինչո՞ւ  աշխարհում չեն սիրում ֆոտոլրագրողներին, որովհետև նրանք ցուցադրում են ճշմարտությունը … դու պիտի ազնիվ լինես, և քո գործը նպատակի հասցնես: Ես իմ արած գործը նպատակին հասած կհամարեմ այն ժամանակ, երբ մի շենք փրկվի ու ես ուրախ -ուրախ նկարեմ դա: Տերյան 11 –ի համար կարելի է ասել կյանքս տվել եմ, բայց օր օրի ձեռքից գնում է նկարահնումների ժամանակ մի անգամ հատակը փլվեց, ընկա նկուղ, հազիվ փրկվեցի, համերգներ ու միջոցառումներ ենք արել, բայց քանի որ տարածքը վաճառված է, և մեծ ֆինանսներ են ներդրված, դեռ լուծում չենք գտնում ...

Փոքրիկ հաջողություններ լինում են, սակայն ուժերն անհավասար են, մենք ինչքան նկարեցինք Փակ շուկան միևնույն է քանդեցին , ինչքան բարձրաձայնեցինք, որ մարդկանց իրենց տբներից  վտարում են, մեկ է վտարեցին, ինչքան ասում ենք չի կարելի շենքեը քանդել, մեկ է  համարակալում են, որ քանդեն օրինակ Աֆրիկյանների շենքը :

Անցած տարի ես և Դոլմամայի տնօրեն Ժիրայր Ավանյանի հետ մի նագիծ իրականացրեցինք,  կոչվում էր Կառուցենք առանցն քանդելու: Հրավիրված էին քաղաքական այրեր` վարչապետը, մաշկույթի նախարարը, գլխավոր ճարտարապետը քաղաքապետը:Ես ներկայացրեցի  խնդիր. ով է մեղավոր ով չի մեղավոր, որ շատ հին շենքեր քանդվել են  կարևոր չէ հիմա , կորցրածը հետ չես բերի, մեռածին կյանք չես տա , ես համարում եմ, որ Երևանի այդ հին շենքերը սպանվել են, բայց դեռ հնարավոր է ձեռք մեկնել և փրկել այն  շենքերը , որոնք կան, դրանցից ամենահրաշալին Աֆրիկյանների շենքն էր Տերյան 11 հասցեում: Նախաձեռնությունից որոշ ժամանակ հետո  ինձ զանգում են ասում, որ այդ շենքի քարերը համարակալել են որպեսզի քանդեն, դա էլ կարծես թե եղավ մեր նախաձռնության պատասխանը: Քաղաքացիական ակտիվիստները բարձաձայնում են խնդիրը, նրանք անում են մի բան չինովնիկները բոլորովին այլ բան:

Այսինքն քաղաքացիական ակտիվիստները բարիկադի մի կողմում են, չինովիկները, սեփականատերերը բարիկադի մյուս կողմում , իրենց մեծ պատնեշ է բաժանում, քանի որ ես միշտ ասել եմ , հաճախ քննարկումների են հրավիրում , երկխոսությունների, որ իբր լուծման տարբերակներ գտնենք, միասին խնդիրները լուծենք, բայց ո՞ւմ է պետք, որ մեր ասածը կոպիտ ասած «շան տեղ» չեն դնում, հանրային քննարկումներ չեն արվում, հասարակության ու մասնագետների կարծիքը հաշվի չեն առնում, նույն հրապարակի վերակառուցման նախագիծը կամ փակ շուկան: Հասարակական ամեն վայրում մի բան փոխելիս, վերակառուցելիս անպայման պետք է հանրային քննարկումներ կազմակերպել, բայց այդ ամենն արվում է փակ դռների հետևում չինովնիկների կաբինետներում , որտեղ էլ իհարկե մեծանում են նաև հարցեր լուծելու  կոռուպցիոն ռիսկերը … դրա համար էլ քաղաքն այսօր այսպիսի վիճակում է:

Քաղաքի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ Երևանն արդեն աղետի գոտի կարելի է համարել , այսքան ծանր շենքեր լցրել են քաղաքի կենտրոնում, շատ շենքերի տակով ջրեր են գնում, հիմքերը նստում են...

Ուրախալի փաստ է այն ,որ երիտասարդներ ունենք, որքեր չեն վախենում ոստիկանին բացատրել,իրենց իրավունքները  խախտում : Դուխով աղջիկներ, տղաներ  , երիտասարդություն ունենք, որ  պայքարում են ընտրակեղծիքների անօրենությունների, տրանսպորտի թանկացման դեմ:Այս օրերին տրասնպորտի դեմ թանկացման ակցիայով կարծես քաղաքը զարթնեց : Ես էլ լուսանկարում և տեղադրում էի ակցիաների կադրերը  «Other Erevan» էջում , որ մարդիկ իրազեկվենակցիայի մասին: Եվ սյս ամենը թույլ է տալիս մտածել, որ դեռ շանս կա  իրավիճակը փոխելու , բայց պետք է շտապել, քանի որ արտագաղթի ընթացքը չի կասեցվում ցավոք և մարդիկ անընդհատ հանդիպելով խնդիրների մի օր թողնում գնում են: Ես էլ եմ մտածել գնալու մասին , բայց այնքան եմ մտել «խաղի»մեջ, որ չեմ պատկերացնում ինձ առանց Երևանի ինչքան էլ քաղաքի դիմագիծը փչացրել են , միևնույն է ես սիրում եմ Երևանը...Մենք  միացյալ ուժերով կարող ենք փոփոխություն բերել, որվովհետև մի օր բոլորս  կարթնանաք ու կուզենք գնալ, պետք է Երևանի բարությունը հետ բերենք, որովհետև Երևանը շատ բարի քաղաք է եղել...

-Իսկ հնարավո՞ր է, որ Հյուսիսային պողոտան  էլ ժամանակի ընթացքում մեզ համար դառնա Մոսկվայի Արբատը 

-Ես ատում եմ Հյուսիսային պողոտան, այն երբեք Արբատ չի դառնա , որովհետև ի սկզբանե ծառայել է բիզնես շահին , Արբատ կարող էր մեր Աբովյան փողոցը դառնալ բայց ոչ  Հյուսիսայինը : Ես նախանձում եմ վրացիներին որ ունեն Թիֆլիս, այնտեղ էլ ենք  մենք կառուցել տվել ենք վրացիներին, նրանք պահպանում ու  գումար են աշխատում այդ պատմական արժեքներով, իսկ մե՞նք ինչ ենք անում:

Երևանը 2795 ամյա քաղաք է, որտեղ  100 տարեկան շենք չեք կարող գտնել: Քանդելն արդեն մեզ համար գենի բաղկացուցի մաս է կարծես դառել:Ուրիշ բան է երբ աղետ է լինում պատերազմ, երկրաշարժ, բայց  ցավն այն է , որ մենք ենք մեր ձեռով քանդում ...  

-Մարդիկ հաճախ խուսափում են ֆոտոխցիկից, ինչպե՞ս եք կարողանում  որսալ Ձեզ անհրաժեշտ կադրերը

-Իմ մոտ  եղել են  դեպքեր, որ մարդն ասում է. չեմ ուզում իմ դեմքը ցույց տաք: Պետք չէ սեփական ամբիցիաներին տրվել ու ներխուժել մարդու անձնական կյանք, գումար աշխատաելու կամ այլ բանի համար , բայց լինում է հակառակը, երբ մարդիկ վատ գործողություններ են անում և արդեն դու ես ռիսկի գնում, քանի որ այստեղ արդեն հանրային շահն է առաջ գալիս :

Օրինակ երբ Փակ շուկան քանդում էին, առաջին կադրերն անելիս ես չգիտեի էլ  որ նրանք շինարարական թույլտվություն չունեն և հենց այդ առաջին կադրից մեծ աղմուկ բարձրացավ համացանցում մեծ խնդիրներ ունեցա, քանի որ շատ կայքեր սկսեցին առանց ինձ հարցնելու գողանալ նկարը.  դա էլ այլ խնդիր է, քանի որ դու քո կյանքը վտանգելով նկարում ես այդ կադրը , և դա պատվեր չէ , այլ քո քաղաքացիական նախաձեռնությունն է, հետո այն գողանում են համացանցում... կոպիտ ասած լուսանկարը մտնում է ինտերնետ դառնում է «պրաստիտուտկա»...

Հիմա ես կայք ունեմ , գնացի այդ քայլին, իմանալով որ միևնույն է գողանալու են այդ կայքից, բայց մի կողմից էլ կադրերը պետք է հանրային դառնան...

-Ինչպե՞ս  կարողացաք  ստեղծել  Երևանի մասին պատմող Ձեր Ֆոտոարխիվը:

-Ես սկսել եմ իմ անձնական գումարներով ժապավեն գնելով, հյուսիսային պողոտայի ընթացքն այնպես սկսեց աճել, որ ես չէի կարողանում օրական 5-6 լենտ գնել , հետո թվային ապարատ ձեռք բերեցի, բայց կարոտում եմ ժապավենով նկարելուն: Ես  որ հիմա   նայում եմ այն ժամանակ ոչ պրոֆեսիոնալ  արածս կադրերին, հասկանում եմ որ միևնույն է ինքն արդեն արժեք ունի քանի որ այդ թաղամասը չկա, տունը չկա, ես նկարել եմ մի բան, որ այն ժամանակ  անկարևոր էր, իսկ հիմա մեծ արժեք ունի : Դոկումենտալիզմը խաղ է, այսօր խաղի մեջ չէ կադրը, վաղը՝ խաղի մեջ է, դրա համար դոկումենտալիստի համար կարևոր է արխիվ ստեղծելը: Եթե դրամաշնորհ չշահեի արխիվ ստեղծելու համար  դժվար թե կարողանայի գործը գլուխ բերել: Համակարգիչ, համապատասխան ծրագրեր ձեռք բերեցի,  արխիվը կանոնակարգելու հարցերը լուծեցի ,  այս 10 տարում մոտ 60-70 000 կադր եմ նկարել Երևանից, գուցե ավելի շատ, տաս  հազարից ավել, միայն  ժապավենի կադրեր  են: Միշտ չէ, որ մի կադրից անհրաժեշտ է 20 դուբլ անել, դա էլ է վարպետության հարց, բայց մի օրինակ ունեմ, որ մի շենքի քանդելու գործընթացը նկարելիս 400 կադր նկարել էի. մեդամոնտաժի միջոցով հետաքրքիր ֆիլմ դարձավ: Այդ լուսանկարներիի շնորհիվ  կարողացա ստանալ տպավորիչ տեսարան .թե ինչպես է այդ էքսկավատորը հսկա շենքը մի քանի վայրկյանում ջախջախում:

-Ձեր  ֆիլմերից մեկը վերջերս հասարակությանը ներկայացվեց նեև  որպես հոլովակ, «Ռեինկարնացիայի»  «Երևան» երգն ու Ձեր համանուն ֆիլմը ինչպե՞ս միաձուլվեցին:

-«Երևան»  Ֆիլմի վրա էինք աշխատում ընկերոջս` Արտյոմ Հովակիմյանի հետ, երբ  մի օր Ռոլանդ Գասպարյանն  այցելեց մեզ : Տեսավ կադրերն ու ասաց. «Ես երգ պիտի գրեմ» :Հետո, երբ մենք  երգը լսեցինք հասկացանք, որ այս երգն ու ֆիլմն իրար համար են, և ֆիլմը դարձավ երգի հոլովակը: Այն արդեն   41 000 մարդ դիտել է,  տեսել է այդ շենքը, կառույցները, հին քաղաքի հոգին: Երգն ու տեսանյութը շատ ներդաշնակ են: Պրեմիերայի ժամանակ շատերը հուզվել էին ազդվել, ու հույս ունեմ, որ ինչպես երգում է ասվում , կգա այն օրը որ մեր քաղաք կվերադառնան նրան սիրող մարդիկ ու մեր քաղաքն այլևս չի տխրի...

 Հարցազրույցը` Նանե Բագրատունու




Հասարակություն

Ներբեռնեք salestar հավելվածն առանց գրանցման եվ ստացեք զեղչեր

Զեղչեր և գումարի հետվերադարձ...Salestar-նոր հավելված՝ անցանց ռեժիմով

Ավելին »