Երջանիկ Սալվարդյան. Ադրբեջանը Հայոց բանակի թույլ տեղը չի գտնի, քանի որ այն չկա

2013-07-24 13:13:33

Հարցազրույց Արցախյան ազատամարտի մասնակից Երջանիկ Սալվարդյանի հետ:

 

- Պարոն Սալվարդյան, որոշ ժամանակ առաջ ադրբեջանական news.day.az կայքում հրապարակվել էր «Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ Հայաստանը 0 է առանց 1-ի (դատարկություն է` հեղ. Ա. Ի.)» վերտառությամբ մի նյութ, որում անդրադարձ էր կատարվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենքի վաճառաքին և այդ առթիվ հայկական կողմի մեկնաբանություններին: Հիմնական միտքն այն է, թե հայերն այնքան են վախեցել այդ փաստից, որ իրենց ցանկացած խոսքում հիշեցնում են ՀԱՊԿ-ի անդամ լինելու և Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ ունենալու մասին: Ի՞նչ կասեք այդ առթիվ:

 

- Հայկական հայտնի ասացվածքներից մեկում ասված է. «Սոված հավը երազում կորեկ է տեսնում»: Դա ադրբեջանցինեի վարդագույն երազանքն է: Սակայն մեր հակառակորդները չեն ուզում ճշմարտության աչքերի մեջ նայել և մոռանում են, որ մարտից հետո բռունցքները չեն ճոճում: Նրանց այդ հռետորաբանությունը վաղուց սովորական է դարձել և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում և՛ ամբողջ աշխարհում ու չեմ կարծում, թե որևէ մեկը լուրջ է ընդունում այդ հայտարարությունները: Նրանք երևակայության գիրկն են ընկել և սին պնդումներ են անում, որ, իբր, 10-15 տարի առաջ Հայաստանը չէր հիշատակում ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի դաշնակիցը լինելու մասին: Հայ-ռուսական բարեկամությունը դարավոր պատմություն ունի, ինչը մենք երբևէ չենք ժխտել, այլ ընդհակառակը, միշտ հպարտացել ենք դրանով, և երբ փորձ է արվում այդ պատմության, այդ բարեկամության մեջ ինչ-որ ստվեր նետել, ապա անպայման երևում են ադրբեջանցիների ականջները: Ռուսաստանի հետ բարեկամությունը դարերի փորձություն է անցել, Հայաստանը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր հավատարմությունը, իսկ բարեկամին միայն նեղն ընկնելիս հիշելը, իսկ նրա դժվար պահին թիկունքից հարվածելը բնորոշ է հենց ադրբեջանցիներին: Ռուսաստանն էլ Հայաստանի համար շատ ծանր ժամանակներում, մի քանի անգամ շատ խստորեն զգուշացրել է Թուրքիային և անգամ սպառնացել երրորդ համաշխարհային պատերազմով՝ զգուշացնելով չխառնվել Հայաստանի ներքին գործերին և հայ-ադրբեջանական հակամարտությանը: Իսկ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է իր բարեկամներին, լինեն նրանք անհատներ թե պետություններ:

Եվ այդ բարեկամությունն այսօր շարունակվում է, և ո՞վ կարող է ժխտել, որ տնտեսական, մշակութային ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և մնացյալ բոլոր ասպարեզներում Ռուսաստանի հետ մեր գործծընկերային հարաբերությունները բարձրագույն մակարդակի են հասել:

5-րդ դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդը, խոսելով դիվանագիտության մասին, ասել է, որ դիվանագետի բազուկը պետք է ամուր լինի, առանց ամուր բազկի դիվանագետ չկա: Եվ այդ բազուկը պարտադիր չէ, որ լինի անմիջապես քո երկրում. քոնն է նաև ընկերոջդ բազուկը, դաշնակցիդ ուսը, նրա ուժը: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը դա շատ պարզ գիտակցում է, իսկ Հայաստանի իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը որոշելիս դա անպայման հաշվի են առնում:

Ադրբեջանի այս հերթական դատարկ հռետորաբանությունն ինձ հիշեցնում է տխրահռչակ ագիտպրոպը. նրանց արտաքուստ քննադատական, իսկ իրականում հայհոյախառն հոդվածներում քիչ թե շատ տրամաբանական վերլուծության հետք անգամ չկա:

Հետաքրքիր է, թե ո՞րտեղ էր իր երկրում սուլթանիկ դարձած և իշխանությունը հորից ապօրինի կերպով ժառանգած Իլհամ Ալիևը պատերազմի ժամանակ: Փարիզներո՞ւմ էր քարշ գալիս, թե՞ Ստամբուլներում, խաղատներում հոր կուտակած միլիոններն ու ադրբեջանական ժողովրդի դառը քրտինքն էր լափում: Այն ժամանանակ վախից փախած էր, այսօր հոխորտում է մեր հասցեին: Թող անաշայի ծխի քուլաների ազդեցության տակ երազներ տեսնի և շարունակի հոխորտալ…

 

- Բաքվի Ձեր բնութագրմամբ, ագիտպրոպի մյուս պնդումն այն է, որ 10-15 տարի առաջ, երբ ադրբեջանական բանակը և տնտեսությունը դեռ նոր էին սկսել արդիականանալ, հայկական ԶԼՄ-ները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մասին այսքան հաճախ հիշելու փոխարեն հիմնականում անդրադառնում էին հայ զինվորի և Հայոց բանակի հզորությանը: Իսկ այժմ, երբ ադրբեջանական բանակն արդեն բավականին հզոր է, հայերը` կարծես վախենալով, որ Ռուսաստանը կմոռանա իրենց մասին, ցանկացած առիթի դեպքում փորձում են հիշեցնել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները, իսկ Ադրբեջանը երբեք չի նշում Թուրքիայի հետ իր բարեկամական հարաբերությունների մասին և միշտ ընդգծում է իր ուժը: Ձեր կարծիքով, այս պնդումները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը և արդյո՞ք հայկական բանակն ունի բավարար ուժեր` միայնակ դիմակայելու հակառակորդին:

 

- Հայ զինվորի սխրանքի մասին և՛ այն ժամանակ կարող էինք ասել, ինչպես նկատել են նաև իրենք՝ ադրբեջանցիները, և՛ այժմ հիմա կարող ենք ասել: Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես 1 հոգին կարող է 10 հոգու դեմ կռվել, ինչպես 5 հոգանոց փոքր ջոկատը կարող է 50-60 հոգանոց ամբողջ զորախմբի ահաբեկել ու քշել դիրքերից, թե ադրբեջանցիներն ինչպես են լեղապատառ իրենց զենք-զինամթերքը ու պատիվը թողած` փախել: Եթե, Աստված մի արասցե, պատերազմը վերսկսվի, դարձյալ նույն կերպ է լինելու:

Քո՞ւռն են հիշեցնում: Շատ լավ են անում, դա ինձ անչափ դուր է գալիս, զվարճացնում է, անչափ ոգևորիչ է: Նրանք ճշտորեն մատնանշում են, թե որտեղ է իրենց ամենաանսպասելի և թույլ կողմը: Այո, հայկական բանակը անչափ հզոր է, կայացած է: Դա վկայում են այն միջազգային բազմաթիվ կազմակերպությունների վերլուծությունները, հակառակորդի հետ ուժերի և զենք-զինամթերքի փոխհարաբերության վերլուծությունը: Մենք կարող ենք և մենք կանենք, իսկ թե ինչ, Ադրբեջանում լավ գիտեն:

Թող իրենք վերլուծեն իրենց կախվածությունը, թող իրենք վերլուծեն, թե այս անգամ որտեղից պետք է վարձկաններ պետք է հրավիրեն: Թե՞ նորից մտածում են թնդանոթի միս սարքել իրենց երտասարդությանը: Եթե մտածում են, թող անեն:

Եվ վերջապես ես խորին համոզմունք ունեմ, որ նրանց պարտության պատճառը մեկն էր. Ադրբեջանը հասկացավ, որ Ղարաբաղն իրենը չէ, այլ մաքուր հայկական երկրամաս է, Ղարաբաղը դա Հայաստան է և վերջ:

Զենքը, զինամթերքը միայն խիզախ, գրագետ զինվորի ձեռքում է գործում ինչպես որ հարկն է: Հրեղեն ձին չի կարող հրեղեն լինել և հրեղեն քայլեր անել առանց կարգին ձիավորի: Այդ ձիավորը պետք է լինի: Այդ ձիավորները մեզ մոտ կտրիճ են, իսկ Ադրբեջանում...

 

- Պարոն Սալվարդյան, երբ կարդում ենք հոդվածը, տեսնում ենք, որ այնտեղ բազմաթիվ վիրավորանքներ կան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը: Չէ՞ որ նրանք էլ ունեն բազմաթիվ հաշմանդամ ազատամարտիկներ:

 

- Դա ամենավերջին ստորությունն է, որը բնորոշ է իրենց, հայրենիքի համար կյանքը տված, ոտքը տված, վիրավորված, արյուն թափած տղամարդուն անվանել կաղ: Չէ՞ որ եթե մեզ մոտ կան հաշմանդամներ, ապա մեզ մոտ եղածների կրկնակի չափը կան իրենց մոտ: Չէ՞ որ այդ տղաները հայրենիքի համար կռիվ են տվել: Խոսքս ուղղում եմ այդ հոդվածի հեղինակին: Դո՞ւ որտեղ ես եղել պատերազմի ժամանակ, դու երբևիցե կրակոց լսե՞լ ես, դու վառոդի հոտ քաշե՞լ ես: Իհարկե ոչ: Եվ դրա համար դու ստորաբար քո հազարավոր հայրենակիցներին ես վիրավորում, ովքեր ոտք չունեն, ովքեր ձեռք չունեն, ովքեր աչք չունեն:

Այդ նույն Սեյրան Օհանյանն է ղեկավարել մարտերը, այդ նույն Սեյրան Օհանյանն է մաշված դաշտային համազգեստով Ձեր նախարարի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, բանակցություններ վարել, պայմանագիր կնքել: Իսկ եթե պետք եղավ, այս նույն Սեյրան Օհանյանը նորից այն հրեղեն ձիավորի նման առաջնորդելու է մեզ ու դուք ձեր վերջն եք գտնելու: Նրանք վախից են վիրավորում Սեյրան Օհանյանին: Նրանք իրենց վախն են ուզում թաքցնել: Նրանք մտածում են և հույս ունեն, որ եթե Սեյրան Օհանյանը վիրավորվել է, ապա չի կարող ղեկավարել Հայոց բանակը, չի կարող գրոհի տանել հայ զինվորին, որը կատարելու է իր վերջնական խնդիրը:

Ստորության գագաթնակետն է, երբ մարդ վիրավորում է պատերազմի տասնյակ հազարավոր մասնակիցների: Մեր կողմին հասկացանք, թե ինչու եք վիրավորում: Բայց չէ՞ որ այդ նույն կարգավիճակի մարդիկ կան նաև ձեր կողմում:

Ես ընդամենը մի օրինակ եմ ուզում բերել: Ստեփանավանցի Հրաչը Շուշիի ազատագրման ժամանակ մի աչքը կորցրել է: Փամփուշտը մտել է ձախ աչքից և դուրս է եկել: Նա հրաշքով կենդանի է մնացել: Այդ մի աչքով արդեն 1993 թվականի վերջին, 1994-ի սկզբին, պատեազմի ամենածանր ամիսներին նա Մարտակերտի ռազմաճակատում էր: Մի աչքով անգամ նա կռվում էր: Ի՞նչ է Հրաչը միաչքանի՞ դարձավ: Հրաչը հերոսն է իր ժողովրդի, Սեյրան Օհանյանը հերոսն է իր ժողովրդի:

Ես հարգանքով եմ խոսում նաև ադրբեջանական կողմի վիրավորների մասին, որովհետև նրանք էլ իրենց պատկերացմամբ իրենց հայրենիքի համար են կռվել: Ընդհանրապես զինվորի նկատմամբ հարգանքն ուրիշ բան է: Զինվորն իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ և իսկական զինվորին միշտ զարդարում են վերքերը: Եթե այդպես լիներ, ուրեմն Կուտուզովին, ծովակալ Նելսոնին մի աչքանի, ծովակալ Իսակովին մի ոտանի պետք է ասեինք:

Դա ստորության գագաթնակետն է, որը վկայում է ադրբեջանցիների հոգեբանության ու մակարդակի մասին, ապացուցում, որ նրանք այդ աստիճան ստորության ընդունակ մարդիկ են: Շատ են Ռամիլ Սաֆարովները: Չեմ կարող ասել, թե բոլորն են, բայց շատ են, այլապես նման ստորություն երբեք չէին անի:

 

- Պարոն Սալվարդյան, Դուք պատերազմի մասնակից եք և պատերազմը տեսել եք սեփական աչքերով ու ոչ թե լսել այլոց պատմածներով: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն ավելի մեծ նշանակություն ունի պատերազմի ժամանակ. զորքի քանա՞կը, մարտունակությո՞ւնը, թե՞ տեխնիկայի քանակը:

 

- Ինչ ռեմբոներ, շամիլ բասաևներ ու աֆղանական մոջահեդներ բերեցին մեր դեմ, բայց մազապուրծ եղան հայ սովորական մարդու զենքից ու բազկի հարվածից, ոչ պրոֆեսիոնալ զինվորականներից, հայ գյուղացուց, հայ բանվորից, հայ մտավորականից, շարքային հայ մարդու զարկից պատեպատ ընկան ու փախան:

Մենք իրոք մեր երկրի համար, մեր հայրենիքի համար էինք կռվում և այս պարտությունը մեզ համար կարող էր շատ ճակատագրական լիներ: Մենք դա գիտակցում էինք, այժմ էլ գիտակցում ենք և երբեք թույլ չենք տա այլ բան:

 

- Եվ վերջին հարցը: Ադրբեջանական կայքի վերոնշյալ հրապարակման մեջ հեղինակը խոսում է հայ ազատամարտիկի, հայ զինվորի մասին և նշում, որ իբր մենք վախենում ենք միայնակ մարտի դուրս գալ: Ի՞նչ կասեք այս մասին:

 

- Սույն լրագրողն իրենց վերաբերող բոլոր ստորությունները փորձում է վերագրել մեզ: Նրանք ասում են, որ մենք վախենում ենք ազնիվ մարտից, որ նրանք բորենիների նման հարյուրներով չեն հասել մեկի վրա: Ասում են, որ մենք շատ ուժեղ ենք, երբ թաքստոցից կրակում ենք փախստականների վրա: Իհարկե, այդ բոլորը նրանք գիտեն: Լավ գիտեն, որովհետև դրանք իրենց մեթոդներն են:

Նույն ստորությունները նրանք արեցին Մարաղայում, իսկ այդ բոլորը սկսվեց դեռևս Սումգայիթից: Այդ ժամանակ ոչինչ չկար, մենք խորհրդային անուշ օրորոցայինի տակ եղբայրություն էինք դավանում, մեկս մյուսի հետ եղբայրություն էինք անում: Ադրբեջանցի մարդասպան խուժանները դանակ ձեռքներին ներխուժեցին հայկական բնակարանները, դրանից հետո այդ նույն ստորությունները կատարվեցին նաև Մարաղայում, կատարվեցին Կիրովաբադում, կատարվեցին Բաքվում: Այսօր նրանք ունեն զոհվածների, շեհիդների հիշատակին նվիրված պուրակ: Ովքե՞ր էին այդ շեհիդները: Դրանք այն նույն մարդասպաններն էին, որոնք հայերին իրենց բնակարաններից նետում էին ներքև:

Մի հարց եմ ուզում տալ ադրբեջանցիներին: Եթե նրանք ասում են, որ մենք դատարկ քաղաքներ մտնելու և թալանելով զբաղվելու համար շատ լավ ենք, ո՞վ թողեց այդ քաղաքները դատարկ: Քաղաքը իրեն-իրեն չի դատարկվում: Օրինակնե՞ր բերեմ: Օրինակները շատ են: 30.000-անոց Ֆիզուլին մի քանի գյուղերի առաջ նահանջեց: Ամբողջ քաղաքներ թողեցին ու փախան: Անառիկ Շուշին, Աղդամը, Կուբաթլուն, Զանգելանը ո՞վ թողեց: Իրենք իրենց քաղաքներն անպաշտպան թողեցին և այսօր մեզ են մեղադրում: Ոչ: Մինչև այդ քաղաքը դատարկվելը կատարվում էին հստակ պլանավորված մարտական գործողություններ, իսկ այդ գործողությունները կատարում էր հայ քաջ զինվորը, հայ քաջ ազատամարտիկը:

Այո, մենք վարպետ ենք թշնամուն ոչնչացնելու և հեռանալ ստիպելու գործում, իսկ թալանի, գաղթականներին կոտորելու, փախստականներին թաքստոցներից խփելու, երեխաների նկտամամբ բռնություն գործադրելու գործում իրենք են անգերազանցելի: Նորից հիշեմ նրանց ազգային հերոսին՝ Ռամիլ Սաֆարովին: Դա է նրանց մակարդակը, դա է նրանց ունեցածը: Նրանք միշտ էլ փորձել են մեր ազատագրած այդ տարածքներում շոշափելու մեր բազուկը, մեր ուժը: Չեն կարողացել: Այլապես նրանք կփորձեին շատ բաների հասնել:

Ինչո՞ւ մեր այսքան խաղաղասիրական առաջարկություններին նրանք չեն արձագանքում, չեն համաձայնում: Որովհետև կարծում են, թե իրենց կհաջողվի շանտաժի միջոցով մեզ հավասարակշռությունից հանել կամ ուզում են գտնել մեր պաշտպանության թույլ կետերը: Չեն գտնի, որովհետև հայկական բանակը թույլ կետ չունի: Մեր բանակը պաշտպանում է իր երկիրը այնպես, ինչպես, որ հարկն է: Թող իրենք մտածեն, թե հերթական անգամ որ քաղաքն են թողնելու: Գանձա՞կն են թողնելու, Եվլա՞խը, թե՞ Քռի ափին գտնվող Միգեչաուրն են թողնելու:

 

 

 

Զրույցը վարեց Աշոտ Իսրաելյանը




Հասարակություն

Ճոխ, բայց դատարկ ֆիլմի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Իսկ վերջում՝ ստորև կցում եմ իմ գրառումը, որ վերաբերում է այս նյութի «ոչ միայն»-ի հատվածին. այն ես գրել էի՝ կրկին  հաշվի առնելով իմ գործընկերների հարցերն ու հետաքրքրությունը այն ամենի վերաբերյալ, որի հիմնական մասը դեռ չի էլ ասվել:

Ավելին »