Հայաստանում ոչ միայն տաշած, այլև սրբատաշ քարերն են գետնին մնում.Ազատ Աբրահամյան

2013-07-22 12:01:36

ASEKOSE.am-ի թղթակցի զրուցակիցը երգիչ, բանաստեղծ Ազատ Աբրահամյանն է, ով հասարակությանն առավել շատ հայտնի է «Ծաղիկներ», «Սյուզի», «Կապույտ-կապուտակ», «Հին իմ Երևան» երգերով: Երգչի հետ զրուցել ենք սիրո, երգարվեստի, մշակութային քաղաքականության, արժեքների, նրա՝ բեմը լքելու և այլ հարցերի շուրջ:

Ցանակացա հարցնել՝ ինչպե՞ս եք, բայց ակամայից հիշեցի Ձեր տողերից մեկը. «Ասում են, թե լավ եմ՝ ասա, մի՛ տրտնջա, ամոթ է, մարդիկ չասեն՝ ինչ վատն է սա, իբր նրանց դա խորթ է»: Որքանո՞վ է հասարակական կարծիքը կարևոր Ձեզ համար: Երբևէ այն դեր խաղացե՞լ է որոշումների ընդունման, փոփոխման գործում:

-Որպես երգարվեստի բնագավառի ներկայացուցիչ` բնականաբար հասարակական կարծիքն ինձ համար շատ կարևոր է, ի վերջո դու կյանքում կայանում ես հենց հասարակական կարծիքի հենքի վրա: Դիտողությունը կարող եմ համեստորեն լսել, այլ բան է՝ կընդունեմ, թե՝ ոչ: Մարդիկ տարբեր են,  կարծիքները, աշխարհայացքները՝ նույնպես: Եթե ամեն ստեղծագործող հաշվի առնի դիտողությունները, չի կարողանա ստեղծել իր յուրահատուկ ձեռագիրը:

Չնայած, երիտասարդ ժամանակ, բնականաբար, հաշվի եմ առել շատերի կարծիքը, իսկ հիմա գիտեմ, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, որն է համարվում արվեստ, որն է գեղեցիկ կամ տգեղ: Իսկ ներթափանցել արդեն կայացած մարդու, ստեղծագործողի աշխարհ՝ չի կարելի:

Իսկ որպես Ազատ Աբրահամյան, հնարավոր է, որ հասարակական կարծիքը կարևոր չլինի: Դրանք տարբեր բաներ են:

Ասացիք, որ երիտասարդ ժամանակ հետևել եք խորհուրդների, կոնկրետ ո՞ւմ և, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այսօրվա երիտասարդը պատրաստ խորհուրդներ լսել: Երբևէ դիմե՞լ են Ձեզ:

-Ինձ խորհուրդ տվողը, ի դեպ, հայրս՝ ՀԳՄ անդամ, Ժուռնալիստների միության անդամ, հրապարակախոս, բանաստեղծ Լևոն Աբրահամյանն է եղել, իսկ նրանից հետո շատ-շատ մեծանուն մարդիկ: Երբ որ խորհուրդներ նման մարդիկ էին տալիս, ընդամենը պետք է երջանիկ զգայի, որ արժանի էին գտել: Օրինակ, ասում էին, որ  ստեղծագործելն իմը չէ, զբաղվեմ ուրիշ գործով: Իսկ սա այն ժամանակահատվածն էր, երբ  պետք է կայանայի, ինքնահաստատվեի, սովորեի:

Երիտասարդ ժամանակ շատ լավ ֆուտբոլ էի խաղում: 6 տարեկանից գաղտնի ֆուտբոլով եմ զբաղվել, հայրս չգիտեր: Երբ եկավ այն պահը, որ պետք է տեղափոխվեի «Արարատ»,  գաղտնիքն արդեն անհնար էր թաքցնել: Հայրս, իմանալով այդ մասին՝ ասաց. «Բա խելացի մարդիկ 22 հոգով մի գնդակի հետևից կվազե՞ն»:

Իսկ ես շարունակում էի ընդդիմանալ՝ ասելով, թե ես ի՞նչ գործ ունեմ գերհզորների կողքին: Հայրս ասում էր՝ նրանք էլ են քո տարիքին եղել, բայց ֆուտբոլ չեն խաղացել: Այս և շատ խոսքեր ունեցան իրենց  դերը:

Ինչ վերաբերում է ներկայիս երիտասարդությանը, ես չեմ սիրում «խորհուրդ» հասկացությունը: Չեմ կարող մեկին ասել՝ արի՛ խորհուրդ տամ: Եթե ինչ-որ մեկն ունենա դրա կարիքը և արժանի  կհամարի ինձ, կմոտենա և կասի՝ սա ճի՞շտ է, անեմ, թե՝ ոչ:

Անդրադառնալով երգարվեստին, նշեմ, որ երիասարդներից շատերը դիմում են մարդկանց, ովքեր կապ չունեն այս բնագավառի հետ: Սարսափելին այն է, որ հավատում են, ասենք, օրինակ հեռուստանախագծերի: Եվ, չունենալով որևէ բեմական տվյալ, համապատասխան պատրաստվածություն, հղկված ձայն, գնում և մասնակցում են: Իսկ արվեստի կամ մշակույթի բնագավառն այն է, որ գործ ունես հանդիսատեսի հոգու, մտքի, խղճի, մաքրության հետ: Իսկ նկատվելու, սիրվելու համար այս ամենը նախ քո մեջ պետք է լինի, որքանո՞վ ես դու պատրաստ:

Ո՞րն է Ձեզ տանջող հարցերի հարցը:

-Ցավում եմ, որ երիտասարդներն այսօր ոգևորվում են հնչող թեթևսոլիկ երաժշտությունից: Ձեռքերը բարձրացնում են վեր, ինչ-որ շարժումներ են անում՝ դըխկլը-դըմբլ:

Բայց, սիրելի՛ երիտասարդ, երբ որ մի փոքր կբարձրանաս կյանքի աստիճաններով, երբ որ կյանքը կսկսի արդեն ուրիշ կերպ ձեզ ներկայանալ իր բոլոր խնդիրներով, հույզերով, դուք այդժամ կփնտրեք  այն հոգևորը, որը կօգնի ձեզ ապրել, ուժեղ լինել, և, եթե փորձեք վերցնել, կարդալ, չեք կարողանա, չեք դիմանա, կձանձրանաք: Հիմիկվանից սովորե՛ք հոգևորին:

Գրեթե միշտ լսում ենք սպանությունների, թշնամանքի մասին: Իսկ այս ամենի պատճառը գիտե՞ք որն է…հոգևորի պակասը: Երբ մարդուն հոգևորից կտրում ես, նա դառնում է ոչ մի զգայարան, սեր, դրական զգացմունք չունեցող անձնավորություն: Ինչպե՞ս կարելի է մարդուն հոգևորից կտրել ու ասել՝ գնա՛ ապրի՛ր, բարի եղիր, այդպես չի լինում:

Արժեքները լրիվ փոխվել են:

Չե՞ք կարծում, որ այս դեպքում առկա է արվեստի, մշակույթի նվիրյալների բացթողումը, ինչ հետևանքով եթերն անորակ երաժշտությամբ է  լցված:

-Ձեր նշած մարդկանց հնարավորությունը դա է: Նրանք այս բնագավառ են մտել փող աշխատելու համար: Նրանց խնդիրը հոգևորը, բարձր արժեքները չեն, գումար աշխատելն է: Եթե մարդը բեմ բարձրանա ու երգի. «Դրսում անձրև ա գալիս, լուսամուտը բացել ես, ես ներքևում լաց եմ լինում, ջան ժողովուրդ ջան, քեֆ անենք», էլ այդ մարդուն ի՞նչ ասես:

Իսկ ով շնորհք ունի, չունի հնարավորություն…

-Իսկական ստեղծագործող, արվեստի մարդիկ փափուկ սիրտ ունեն: Համեստ են, ապրում են լրիվ ուրիշ արժեքներով: Այսպիսի խոսք կա չէ՞. «Արվեստի մարդիկ տարօրինկ են»: Երևի այդ տարօրինակություններից մեկն էլ սա է: Նրանք մի ամբողջ կյանք հավատում են սիրուն: Սեր, որը հաղթելու է:

Մի ամբողջ կյանք պայքարում են, կռվում, նեղանում, մեկուսանում են: Եվ նման մարդիկ երբեք դռներ չեն ծեծում…

Թերևս այս ամենը  խոսում է անուշադրության, արհամարհանքի, բարձիթողի վիճակի մասին:

-Իհարկե: Հրաշալի մարդիկ կային և կան մեր կողքին: Փոխանակ հիանայինք, ամեն վայրկյան ներկայացնեինք որպես հեղինակություն, կրթեինք մատաղ սերնդին, ընդհակառակը, ասպարեզ բերեցինք մարդկանց, ովքեր առհասարակ իրավունք չունեին որևէ տեղ ունենալու: Եթե անգամ ունեին էլ, դեռ այնքան պետք է հաց ու պանիր ուտեին, մինչև բարձրանային, հասնեին այն աստիճանի, որ հասել են մեր մեծերը:

Ժողովու՛րդ, ծնել ես մեծանուն զավակի՞, տե՛ր կանգնիր նրան:

Իսկ Դուք երբևէ դռներ թակե՞լ եք:

-Ժամանակին երբ ստեղծեցի դպրոց-ստուդիա, հավաքեցի շնորհալի երեխաների, ցանականում էի օգնել նրանց: Նախապատրաստում էի երգիծական մենախոսություններ (դե ԽՍՀՄ տարիներին երգիծական մենախոսություններով էի հանդես գալիս), սովորեցնում էի հեղինակային երգեր գրել: Այդ ժամանակ դուռ ծեծեցի: Ոչ մի օլիգարխ, ոչ մի փողատեր մոտ չեկավ: Իսկ ես ընդամենը ասում էի, որ օգնեն վարձակալման հարցում: Դա, երևի 100-150 դոլար էր կազմելու:

Այս երկրում մեկը կա՞, որ խելացի բան է հովանավորում: Եթե կա, ես նրա ճակատը կհամբուրեմ: Եթե նման մարդ էլ կա, համոզված եմ, չեն էլ հասկանում այդ ամենը, պարզապես մեկը կողքից ասում է, թե գիտե՛ս սա «պրեստիժ» բան ա, եկ հովանավորենք:

Եթե բարձր ատյանների մարդիկ ծափահարում են անճաշակությանը, ես էլ ի՞նչ ասեմ: Հիմա ամենուր, անգամ հայկական համայնքներում առավելությունը տրված է ցածրաճաշակ երաժշտությանը:

Տեղյակ եմ, որ դեպի արվեստ Ձեր մուտքը բավականին դժվար է եղել և դրանում մեծ դեր է խաղացել Ձեր հայրը:

-Քանի որ գրողի ընտանիքից էի, շատ  արգելված գրքեր էի կարդում մեր ֆիդայինների, ազգային հերոսների, հայոց պատմության մասին: Չնայած 6 տարեկանից արդեն ազգագրական, գուսանական, ժողովրդագրական երգեր էի երգում: Դեռ տառաճանաչ չէի, հիշում եմ՝ հայրս նստեցնում, ասում էր՝ ուշադի՛ր, կարդում էր նախադասությունը(երգի), ես պետք է անգիր ասեի, դա դեռ քիչ էր, պետք է տանջվեի, երաժշտությունն էլ սովորեի: Այդ տարիքում արդեն «Հորովել» էի երգում:

Մինչև 1973-74թթ. ժողովրդական, ազգագրական ոճում էի, հետո «Բիթլզի»,«Դիփ Փարփլ»-ի սիրահար դարձա,  սկսեցի կիթառ սիրել: Իսկ կիթառ չունեի, ոչ էլ հնարավորություն՝ այն գնելու:  Ընկերներիցս մեկն ուներ կիթառ՝ անկյունում գցած, բերեցի  սկսեցի ինքնուրույն նվագել սովորել և այդ ժամանակ էլ գրվեցին առաջին երգերը, որոնցից է «Դե ե՛կ, Վարդապե՛տ,  ու մի խենթանա» երգը, որը youtube-ում տեղադրել եմ, մտնում, ցավով տեսնում եմ, որ  3000 և մի փոքր ավելի դիտում է եղել, այն դեպքում, երբ դըխկըլը-դըմբըլները 100.000-ն  անցել են:

1977 թվականին   խումբ ստեղծեցինք,  սկսեցի սիրային թեմաներից;

Ինչպե՞ս ծնվեց «Դե ե՛կ, Վարդապե՛տ,  ու մի խենթանա» երգը:

-Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը» կարդալուց հետո ոգևորվեցի, իսկ պատճառը վերը նշված մեկ նախադասությունն էր: 1978 թվականին այս երգն արդեն ընդգրկվեց իմ երգերի ցանկում:

Ընդհանրապես, հայրենասիրական  երգերս գրվել են կռվի տարիներին,կռվեցինք, կռվեցինք, մինչև անկախացանք…

Բազում տողեր ունեք սիրո, կարոտի, տառապանքի, մարդկային անտարբերության, ստրկամտության մասին: Ամենը զուտ բառերի տեսքով, իսկ ո՞ւր են նոտաները:

- Խոսքերը, որ ծնվում են և չկա երաժշտություն, դրանք դառնում են բանաստեղծություն: Ստեղծագործել սկսել եմ շատ վաղուց: Գրում էի և ինքս ինձ մտածում, թե լավ, ի՞նչ պետք է լինի իմ ստեղծածը մեծերի ստեղծագործությունների կողքին: Այդպես, երկար տարիներ գրելով, տեսա, որ կուտակվում են, այդպես էլ մնալով դարակներում:

Իսկ երգերը…դրանք միշտ գալիս են երաժշտությամբ: Ես ինքս էլ զարմանում եմ և չեմ հասկանում, թե ինչու է այդպես: Մեկ էլ տեսար՝ գիշերով բառերը կգան, կիթառը կվերցնեմ, կնստեմ, հանկարծ «Ծաղիկներ» երգը կստեղծվի:

Երբևէ վաճառե՞լ եք Ձեր ստեղծագործությունները, եթե հաշվի առնենք այն, որ շատ երգիչներ հեղինակների են փնտրում, որպեսզի երգ գրեն իրենց  համար: Գուցե այդ դեպքում բառերն ու երաժշտությունը գտնե՞ն իրար:

-Ինձանից ծնված յուրաքանչյուր բառ կամ հնչյուն իմ զավակի նման է, իսկ զավակին չես վաճառի: Ես շատ եմ ասել, թե եկե՛ք նվեր տամ, եթե ցանկանում եք: Զավակին նվեր էլ չեն տալիս, բայց, քանի որ այդ զավակը երգ է և տեղ պետք է գտնի մարդկանց սրտերում, կտամ առանց կոպեկ վաճառքի:

Բայց, մարդիկ երևի նպատակահարմար չեն գտել ինձ նման ոչինչ չասող արվեստի մարդու գործերը ներկայացնել:

Նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ մենության եք ձգտում, ահավասիկ էկրանին չերևալը, հարցազրույցներ չտալը: Ի՞նչն է պատճառը:

-Երբևէ մենության չեմ ձգտել. այդպես ստացվել է: Երբ ունայնություն ես զգում, շուրջդ ոչ համապատասխան, ոչ դրական, ոչ լրացնող միջավայր է, դու ձգտում ես մենության, որովհետև գոնե մենության մեջ Աստծո հետ ես, այնտեղից կարող ես դրական լիցքեր ստանալ, ոչ թե բաժանես այդ լիցքերը և արդյունքում մենակ մնաս:

Նոր երգ, տեսահոլովակ պատարաստո՞ւմ եք:

-Չենք ուզում կտրականապես:

Եթե ոչ  բեմը, ոչ մարդիկ, ապա ի՞նչը:

-Ապրում ենք: Ապրում ենք ինչպես ՀՀ մեզ նման յուրաքանչյուր քաղաքացի: Արդեն ինքնասիրությունդ թույլ չի տալիս անընդհատ խփել բետոնե պատին (շոու բիզնեսի մաֆիան նկատի ունեմ): Հանդիսատեսն իմ բեմական 36-37 տարում ինձ ճանաչել է մի քանի երգով: Այդքանը կարողացա անել, որովհետև ԽՍՀՄ տարիներին դա հնարավոր չէր, խիստ սահմանափակ և վտանգավոր էր: Այն ծրագիրը, որ ես էի ներկայացնում՝ հայրենասիրական, բողոքի երգեր էին: Իսկ նման երգերն արգելված էին: Շատերն այդ պատճառով լքեցին երկիրը: Հետո հետևեցին  պատերազմական տարիները: Ի՞նչ անեի այդ ժամանակ, ո՞ւր գնայի: Արդեն ամուսնացել էի, երկու փոքրիկներ ունեի, իսկ այս ամենին հաջորդեց անձնական կյանքի հարվածը: Կինս հեռացավ կյանքից: Պետք էր բալիկներին մեծացնել, ուշքի գալ, կյանք վերադառնալ: Ուստի վերադարձա բեմ՝ մտածելով, թե կօգնի ոտքի կանգնել, պարզվեց, որ այն ամենաանսիրտ բնագավառն էր:

Իսկ չարժե՞ հանուն հասարակության, հանուն ինչ-որ մի բան փոխելու վերադառնալ:

-Իսկ հանուն ի՞նձ: Ես էլ եմ մարդ: Որևէ մեկը կարո՛ղ է պատկերացնել այս հոգեվիճակում գնալն ու մարդ ուրախացնելն ինչ է նշանակում: Տալով այդքան էներգիա, դրական ոչինչ չես ստանում:

Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը:

-Իմ ամենամեծ երազանքը բեմահարթակն է: Երազել եմ մինչև վերջին վայրկյանը բեմում լինել: Որևէ մեկը չի կարող պատկերացնել, թե այն ինչ նշանակություն ունի ինձ համար: Թող ես գումար չաշխատեի, բայց կարողանայի փոխանցել այն, ինչ ստեղծվել է սիրո արդյունքում:

3-4 տարի է՝ կտրվել եմ բեմից, դա նշանակում է, որ ես չկամ: Երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչպես եմ, ասում եմ՝ կամ..իսկ հիմա՝ չկամ…

Մեզ ստիպել են չապրել, ճահճանալ, մեկուսանալ, և, թերևս մարդասպանից ոչնչով չեն տարբերվում, քանզի երբ մարդ հոգեպես սպանում է դիմացինին, նա ամենասարսափելի մարդասպանն ու դահիճն է: Ընկերներիցս  մեկը մի լավ խոսք ունի. «Հայաստանում ոչ միայն տաշած, այլև սրբատաշ քարերն են գետնին մնում »…

 

Հարցազրույցը` Անի Կարապետյանի




Հասարակություն

Ներբեռնեք salestar հավելվածն առանց գրանցման եվ ստացեք զեղչեր

Զեղչեր և գումարի հետվերադարձ...Salestar-նոր հավելված՝ անցանց ռեժիմով

Ավելին »