ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂՆԵՐԸ

2019-11-16 09:00:33


Արդեն հինգ տարի նրանք հեղափոխությունն արտահանում են Արևելյան Եվրոպա ու Կենտրոնական Ասիա: Նրանք երիտասարդ են, բավական կրթված. նրանց ընդհանուր լեզուն անգլերենն է: Որպես կանոն` նրանք աշխատում են արևմտյան հաստատություններում ու կազմակերպություններում` հիմնականում ամերիկյան: Նրանց կարելի է կոչել ,,միջազգային ժողովրդավարական բրիգադներ,, , որոնց գործունեությունը համակարգում է Վաշինգտոնը: Նրանցից մի քանիսն անձամբ Ջորջ Բուշի կողմից արժանացել են ,,ազատության հաղթողների,, կոչմանը:
Նրանց ներկայացուցիչների հետ մենք հանդիպեցինք Բելգրադում և Թբիլիսիում, ինչպես նաև Բրատիսլավայում ու Կիևում, որոնք մանրամասն շարադրեցին հետհամայնավարական բռնապետությունների տապալման իրենց ,,դեղատոմսերը,,: Նրանցից ամենափորձառուին կոչում են Պավել Դեմեշ: Նա սլովակ է, 49 տարեկան և առաջիններից է ոտք դրել այդ ճանապարհին: 2000թ. Դեմեշը գաղտնի համակարգում էր ընդդեմ Միլոշևիչի` արտասահմանյան օգնության ծրագիրը: Անցյալ տարի նա (նույնպես գաղտնի) ուկրաինական հեղափոխականների խորհրդատուն էր: Բրատիսլավայում ղեկավարում է շատ ազդեցիկ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության` ,,German Marshall Fund,,-ի արևելաեվրոպական բաժանմունքը: Նախկինում լինելով իր երկրի ԱԳ նախարար` նա հիմնավորապես գիտի նախկին խորհրդային բլոկի քաղաքական իրադրությունը և գիտի, թե ինչպես ընտրել հեղափոխություն անցկացնելու ամենահարմար պահը:
Հաջողությունն, առաջին հերթին, պայմանավորված է առանց բռնության դեմարշով: ,,Բռնության չդիմելը տալիս է բարոյական առավելություն և առաջ բերում մյուսների աջակցությունը, և հետո` բռնությունն այն ոլորտն է, որտեղ իշխանությունն ուժեղ է,,– բացատրում է Դեմեշը: Հաջողության երկրորդ բանալին գործողությունների մեթոդի մեջ է: ,,Քվեարկության օրը, երեկոյան,– պատմում է նա,– հավաքվում են կեղծիքների ապացույցները, և այդ տեղեկությունները շատ արագ տարածվում են երկրով մեկ: Եվ անմիջապես հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց: Հետո նրանք պետք է խաղաղ ճանապարհով հսկողության տակ վերցնեն պետական հիմնարկները, որ ցույց տան ինքնակալներին, որ օրինական իշխանությունն անցել է ուրիշի ձեռքը: Եվ քանզի ոստիկանությունը չի կրակում` գործն արված է,,:
Սա` տեսությունում: Որպեսզի իմանանք, թե գործնականում ինչպես է, լսենք սերբ Սրջա Պոպովիչին: Չնայած 32 տարեկան է` այդ բարձրահասակ և վտիտ անձնավորությունն արդեն առասպելական կերպար է: Նա 21-րդ դարի առաջին հեղափոխական շարժման կազմակերպիչն է, ինչը մնացածների նախատիպը հանդիսացավ. Նրա ,,Отпор,,-ը (Դիմադրություն) 2000թ. ոչ մի կաթիլ արյուն չթափելով տապալեց Միլոշևիչին: Այդ օրվանից խորհուրդների համար Սրջա Պոպովիչին դիմում են գրեթե ամեն տեղից` անգամ Զիմբաբվեից: Որպեսզի բավարարի պահանջարկը, նա հիմնեց հեղափոխության փորձագետների բյուրո` ,,Canvas Group,,: ,,Սա մասնավոր բիզնես է,– խոստովանում է նա,– սակայն բյուրոն գրանցված է որպես ոչ կառավարական կազմակերպություն, որպեսզի չմուծի տուրքերը,,: Տարեկան շրջանառությունը` ,,առևտրական գաղտնիք է,,: Բելգրադի կենտրոնի նորաձև ,,Movie Bar,,-ում (որի սեփականատերն է), սեղանի շուրջ նստած, Սրջան բացում է գաղտնիքը. ,,Հեղափոխության հաջողության համար անհրաժեշտ է երիտասարդություն, երիտասարդություն ու նորից երիտասարդություն: Ինչու: Որովհետև երիտասարդ էնտուզիաստները քաջ են, և իշխանությունը քիչ կարող է ազդել նրանց վրա: Նրանք չունեն երեխաներ, աշխատանք, հարստություն. նրանք կորցնելու ոչինչ չունեն,,:
Կա ևս մեկ պատճառ` առավել գործնական բնույթի, նույնիսկ փոքր-ինչ ցինիկ: ,,Ամեն անգամ, երբ վարչակարգն ուժ է կիրառում անզեն երիտասարդության հանդեպ, ծեծում նրանց ու բանտ նետում,– ասում է Պոպովիչը,– նա թիկունք է դարձնում նրանց հայրերին, պապերին, բարեկամներին, մտերիմներին... Կարճ ասած` շատերին, այդ թվում` նաև իրեն հավատարիմ կողմնակիցներին: Եվ հենց սա է որոնելի նպատակը,,:
,,Ցանկանում եք մի խորամանկություն պատմեմ,– շարունակում է նա ժպիտով: – Ցույցերի ժամանակ, որոնք խոստանում են ավարտվել բախումներով, առաջին շարքում կանգնեցրեք սպիտակ վերնաշապիկներով երիտասարդ աղջիկների: Եվ սպասեք ոստիկանության գրոհին:
Արդյունքն ապահովված է. մի քանի հարվածներից հետո սպիտակ վերնաշապիկների վրա մի քիչ (կամ` ցավոք, շատ) արյուն կլինի: Ու կստացվեն փայլուն կադրեր, որոնք կշրջեն ողջ աշխարհի էկրաններով... Եվ վարչակարգը կվարկաբեկվի,,:
Հաջող հեղափոխությունը զարգանում է նույնքան ճշգրիտ սցենարով, ինչպիսին համակարգչային ծրագիրն է:
Առաջին փուլ. ,,Ընտրություններից շատ առաջ հարկավոր է ստեղծել ծայրահեղ շահագրգիռ երիտասարդության խմբեր, որոնք կլինեն ,,նիզակի ծայրակալը` հեղափոխության գործիքը,,– բացատրում է Պոպովիչը: Այդ խմբի համար անհրաժեշտ է ընտրել անուն: Ինչպիսի:
Լսենք Ալեքսանդր Մարիչին: ,,Отпор,,-ի մյուս երեք վետերանների հետ մեկտեղ այս 30-ամյա սերբը Բելգրադում ստեղծել է հեղափոխության ևս մեկ փորձագիտական գրասենյակ. նա Պոպովիչի մրցակիցն է: Մարիչը երաժշտամոլ է, և դա օգնեց նրան ընտրել անվանումը: Հեղափոխական խմբի անունը պետք է լինի կարճ, երկու վանկից ոչ ավելի, հեշտ հիշվող` ինչպես ,,Levis,,-ը կամ ,,Coca,,-ն, և հզոր` ինչպես կարգախոսը: Այն լինելու է հեղափոխության ստորագրությունը, ,,մակնիշը,,:
Երկրորդ փուլ. հարկավոր է ,,գործի գցել,, այդ նոր ,,մակնիշը,,: Ահա բլիցկրիգ գործողության օրինակ: 2003թ. գարնանը Սորոսի հիմնադրամն Ալեքսանդր Մարիչին ու նրա թիմին ուղարկեց Վրաստան. նրանք պետք է դառնային սաղմնավորվող բողոքող խմբի առաջնորդների խորհրդատուները: Վրացի ներկայացուցիչները 20-ն էին, և նրանք արդեն ընտրել էին անվանումը` ,,Կմարա,, (Բավ է): Մնում էր երկրով մեկ տարածել այդ անունը: Բելգրադցի ,,Չե Գևարա,,-ները առաջարկեցին ծրագիր. վրացի երիտասարդ էնտուզիաստներն այն անմիջապես ի կատար ածեցին:
Ապրիլյան գիշերը նրանք Թբիլիսիի և ինն այլ քաղաքների գլխավոր փողոցներում փակցրին ,,Կմարա,, մակագրությամբ հարյուրավոր պլակատներ: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները. լուսաբացին ողջ երկիրը միայն խոսում էր այդ պլակատների մասին: Շևարդնաձեն ծուղ ակն ընկավ: Այդ ,,խզբզոցներն,, արհամարհելու փոխարեն, նա ռադիոյով ու հեռուստատեսությամբ շարունակ հանդես էր գալիս մերկացումներով` ակամա գովազդելով այդ փոքրիկ խումբը, որը բոլորին թվում էր որպես զանգվածային շարժում: Մարքեթինգային գրոհը հաջողվեց. մի գիշերվա ընթացքում ,,Կմարա,, հեղափոխական ,,մակնիշը,, գործի դրվեց:
Երրորդ փուլ. գտնել միջոցներ, քանզի խմբին շուտով անհրաժեշտ է լինելու տպել հազարավոր թռուցիկներ, պիտակներ, թողարկել մակագրություններով վերնաշապիկներ: Հարկավոր է ստեղծել ինտերնետային կայք, գնել քարթրիջներ, մոբիլ հեռախոսներ, պլակատներ... Շարժմանն անհրաժեշտ է լինելու նաև կազմակերպել իր մարտնչող կողմնակիցների հավաքը, որոնք, պետք է հուսալ, կժամանեն երկրի բոլոր ծայրերից: Այդ նպատակով անհրաժեշտ է վճարել գնացքի հարյուրավոր տոմսերի, հյուրանոցներում անցկացվող գիշերների, վարձակալվող բնակելի տարածքների, սննդի համար: Եվ հետո` պահանջվելու է արտասահմանյան խորհրդատուների ծառայությունների վճարումը: Կարճ ասած` անհրաժեշտ է գտնել ,,ընդամենը,, մի քանի միլիոն դոլար:
Որպեսզի դրանք ճարվեն, պետք է գործի լծվել նախապես, քանզի նման գումարներ կարելի է գտնել միայն արտասահմանում: Տեղերում հարուստ գործարարներն այս ձեռնարկին անվստահությամբ են վերաբերվում. նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերություններն իշխանությունների հետ: Սոսկ հեղափոխության սկսումից նրանք կնետվեն մյուս ճամբարը և կապոցներով փողեր կտան երիտասարդ հեղափոխականներին: Իսկ առայժմ օգնությունը պետք է փնտրել դրսում, մասնավորապես` Վաշինգտոնում, որովհետև, համաձայն ընդհանուր կարծիքի, եվրոպացիները զգուշավոր են, դանդաղկոտ ու ժլատ, բացառությամբ, այն էլ միայն առանձին դեպքերում` բրիտանացիների, հոլանդացիների և լեհերի: Ֆրանսիացիներին երբեք չեն դասում ,,դոնորների,, շարքը:
Ինչ վերաբերում է ,,նարնջագույն հեղափոխությանը,, , ապա դիմումները ԱՄՆ խոշոր մասնավոր հիմնադրամներին ու հասարակական կազմակերպություններին (USAID և National Endowment for Democracy) իրականում սկսվեցին դեռ 2003թ. աշնանը, այսինքն` իրադարձություններից մեկ տարի առաջ: Սլովակ Բալաշ Յարաբիկն օգնել է ուկրաինական ,,Пора,, խմբին` Ատլանտիկայի մյուս ափից դրամական օժանդակություն հայթայթել: Դրա համար նա գումար է ստացել ամերիկյան ,,Freedom House,, կազմակերպությունից, որը չի ցանկացել միայնակ ֆինանսավորել ,,Пора,,-ին: Այո, հեղափոխությունում, ինչպես և բիզնեսում, հաճախ է ամեն ինչ սկսվում ներդրողների խորհրդակցությունից...
,,Հեղափոխությունը բարձր մրցակցությամբ շուկա է,– ասում է Յարաբիկը, որը բարձրագույն կրթություն ստացել է Կոլումբիական համալսարանում: – Ժողովրդավարական խմբերի առաջնորդները պետք է ուղևորվեն Վաշինգտոն, որպեսզի լավագույնս ,,իրենց վաճառեն,, կապիտալ տվող հիմնադրամներին: Որպեսզի պատրաստվեն այդ մեծ քննությանը, հարկ է լինում հղկել սեփական փաստարկները, պատրաստել ծրագրեր և ֆինանսական աղյուսակներ...,,: Այո, ճիշտ այնպես, ինչպես բիզնեսում:
Չորրորդ փուլ. հավաքել առավելագույն թվով ակտիվիստներ:
Ստանալով առաջին գումարները` ,,բարի լուր,, տանելու համար շրջաններ են ուղարկվում հեղափոխության շրջիկ գործակալները: Ժողովից ժողով նրանք պետք է նորից կրկնեն, թե ամեն ինչ հնարավոր է, որ իրենց հաջողվել է սեփական երկրում տապալել դիկտատորին: Սովորաբար ժողովները կազմակերպվում են բաց երկնքի տակ` քաղաքից դուրս: Որպեսզի չհարուցեն ոստիկանության կասկածները, ասում են, թե դա հանգստի մեկնող խումբ է: Ժողովներում տիրող մթնոլորտը միաժամանակ հիշեցնում է և ,,խենթերի ակումբ,, և զինվորական պատրաստության պարապմունք:
,,2004թ. ապրիլին,– պատմում է հետխորհրդային տարածքում հեղափոխությունների գծով խորհրդատու` 24-ամյա Կետո Կոբիաշվիլին,– մի հոլանդական կազմակերպություն ինձ ուղարկեց Օդեսա, որպեսզի հավաքեմ մոտ 30 երիտասարդ մարդկանց, պատրաստեմ ու ոգևորեմ նրանց: Ես երկու շաբաթ ապրում էի ճոխ հյուրանոցում, առանձին համարում: Դեռ ավելին` ստացա 250 եվրո: Երազ էր,,: Սա դեռ ամենը չէ: ,,Դրանից մի քանի ամիս անց Սորոսի հիմնադրամը Ալմա Աթայում կազմակերպեց սեմինար ղազախ ակտիվիստների համար: Այնտեղ էլ մենք հանդիպեցինք մեծ հյուրանոցում: Ամեն ինչ մեր տրամադրության տակ էր. տեսախցիկներ, որպեսզի պատրաստվենք հարցազրույցներին, և անգամ սարքավորումներ` միկրոֆոնները խլացնելու համար, որոնք ղազախական գաղտնի ոստիկանությունը չէր զլացել տեղադրել նիստերի դահլիճում,,:
Հինգերորդ փուլ. հասարակական կարծիքի ուշադրության գրավման նպատակով` միաժամանակ երկու կամպանիա տանել: Սա ամենաբարդ փուլն է. այստեղ պահանջվում է առավելագույն նրբություն: Առաջին կամպանիայի նպատակն է` բացատրել քաղաքացիներին, թե որոնք են ընտրություններում իրենց իրավունքները և դրդել նրանց քվեարկելու:
Երկրորդի նպատակն է` կոռումպացված և ավտորիտար վարչակարգերի մերկացումը: Յուրաքանչյուր կամպանիա ունի իր անվանումը, կարգախոսը, բուկլետը: Այս երկու գործողություններն իրականացվում են ակտիվիստների միևնույն խմբով, բայց ուշադրություն. այդ մասին չպիտի իմանան: ,,Հակառակ դեպքում առաջին կամպանիան, որը պիտի լինի անկախ, կձախողվի,,– բացատրում է Դմիտրի Պոտեխինը: Ոչ բարձրահասակ, կլոր ակնոցներով այս 29-ամյա ժպտերես ուկրաինացին ,,նարնջագույն հեղափոխության,, առանցքային դեմքերից էր: Յուշչենկոյի հաղթանակից հետո նա անմիջապես մեկնեց Մոլդովա, որպեսզի նրանց ,,բերի իր հավատքին,,: Այս նորահավատը մարքեթինգի արհեստավարժ մասնագետ է: ,,Միաժամանակ ու գաղտնի երկու գործողություններ անցկացնելը չափազանց դժվար է,,– ասում է նա: –,,Пора,, շարժումում մենք այնքան քիչ էինք, որ ակտիվիստները պետք է օրվա ընթացքում մի քանի անգամ զգեստափոխվեին` տարածելով այդ և մյուս կամպանիայի թռուցիկները...,,:
Վեցերորդ փուլ. փողոցներում, առանց բռնության գործադրման, կատարել արդյունավետ գործողություններ: Նպատակը` արթնացնել քաղաքացիներին և գրգռել ոստիկանությանը: Առավել նախընտրելի մեթոդը` ,,հայտնվող և անհետացող,, խմբի կազմակերպումն է: ,,Դրանք մեծաքանակ մարդկանց կարճատև հավաքներ են, և ոստիկանությունը չի հասցնում ոչ ոքի կանգնեցնել,– բացատրում է Դմիտրի Պոտեխինը: – Օրինակ, հեղափոխական խմբի 15 անդամներ զգեստավորվում են բանտարկյալների հագուստով և հագնում գորշ վերարկուներ: Մոբիլ կապի միջոցով նրանք նշանակում են հանդիպում մայրաքաղաքի գլխավոր փողոցում այն պահին, երբ այնտեղ խառնաշփոթ է: Նշանակված ժամին հանում են վերարկուներն ու նմանվում բանտարկյալների: Նրանք մի քանի անգամ գոչում են. ,,Ես քվեարկում եմ X-ի օգտին,,: X-ն, անշուշտ, հանդիսանում է տեղի դիկտատորը: Այնուհետև ցուցարարները հագնում են վերարկուները, հեռանում մետրոյի խորքը և կորչում անհետ: Արդյունքն ապահովված է. ոստիկանությունը գազազած է, սկսվում են բռնությունները,,:
Յոթերորդ փուլ. պահպանել խումբը: Ինչպես: Սերբ Միլոշ Միլենկովիչն իր բելառուս կամ ադրբեջանցի ,,կլիենտներին,, սովորեցնում է ընդհատակյա գործունեության այբուբենը: ,,Սրանք դիմակայության դասական հնարքներ են,– ասում է 27-ամյա այս հաղթանդամ, զվարճասեր անձնավորությունը: –Հեղափոխական խումբը չպետք է մեկ մարդ ղեկավարի: Հակառակ դեպքում նրա գործունեությունն առաջնորդի ձերբակալության պատճառով կաթվածահար կլինի: Պետք է ստեղծել կոլեգիալ ղեկավարություն, այսինքն` առաջնորդի գործառնությունները բաշխել մի քանի պատասխանատու անձանց միջև, որոնք չգիտեն այն մանրամասները, թե ինչ են անում մյուսները,,: Մեկ այլ օրինակ. ,,Որպեսզի խճճվի կառավարման սխեման, անհրաժեշտ է ամեն շաբաթ փոխել պաշտոնական ներկայացուցչին,,: Միլենկովիչի կարծիքով, հարկավոր է պահպանել գաղտնիության այս մթնոլորտը: ,,Երիտասարդներին հրապուրում են խորհրդավոր կազմակերպությունները,– շարունակում է նա: – Գաղտնիության այս հմայչությունը թույլ է տալիս հաղթահարել հուսահատությունը և միանալ խմբին, որին իշխանությունը համարում է ահաբեկչական,,:
Ութերորդ փուլ. սովորել կառավարել վախը: ,,Դրա համար կան բազմաթիվ նրբություններ,– ճշտում է Միլոշ Միլենկովիչը: – Ցույցի ժամանակ երիտասարդները երբեք չպետք է իրենց մեկուսացված զգան. նրանք պետք է մյուսների հետ մշտապես ֆիզիկական շփման մեջ լինեն:
Անհրաժեշտ է նաև, որ նրանք երգեն ու չլսեն ոստիկանության կամ զինվորների անհանգստություն առաջացնող աղմուկը: Որպեսզի թաքցվի ցույցի առջև բազմաքանակ զինված մարդկանց առկայությունը, կարելի է երթի սկզբից տանել մեծ ցուցապաստառ. այն ցուցարարներին կխանգարի տեսնել իրենց վախեցնող զինվորների կուտակումները: Մյուս հնարքը` բացատրել, որ ձերբակալությունը ողբերգություն չէ: Սեմինարներում սկսնակ հեղափոխականների դաստիարակները կազմակերպում են ոստիկանական շուրջկալների փորձեր: Ոմանք հանդես են գալիս ոստիկանների դերում, մյուսները` ցուցարարների: Սեմինարներում սովորեցնում են պատասխանել խուսափողաբար, երբեք չդրսևորել ագրեսիվություն, նույնիսկ ժպտալ: Մշակվում է նաև բանտ նետված ընկերներին աջակցելու ռազմավարությունը: ,,Նրանք, ովքեր չեն ձերբակալվել, պետք է իմանան ում դիմել` որ փաստաբանին, ոչ կառավարական որ կազմակերպությանը, տեղական կամ արտասահմանյան որ լրագրողին: Նրանց մոտ պիտի լինի այն ակտիվիստների ցանկը, որոնց հետ հնարավոր է կապվել և որոնք այնուհետև իրենք կկապվեն նրանց հետ, որպեսզի ոստիկանական տեղամասի առջև ցույց կազմակերպեն, ինչի մասին կխոսեն զանգվածային լրատվամիջոցները,,– ասում է Գեորգի Կանդելակին, որն անցյալ տարի այս կանոնները բացատրում էր ղազախներին: Եվ քաղաքական գիտությունների այս մասնագետն ու ամերիկյան համալսարանի շրջանավարտը հետևություն է անում. ,,Այդպիսով, մենք հակառակորդի ուժը շրջում ենք հենց իր դեմ,,:
Ահա` ամեն ինչ իր տեղում. ակտիվիստներին հավաքագրում և ուսուցանում են, տարածվում են մի քանի հազար թռուցիկներ, կազմակերպվում են մի քանի ,,հայտնվող և անհետացող,, խմբեր, ու շարժումը հասցնում է առաջին հարվածները: Եվ երբ պետք է սկսվեն անխուսափելիորեն կեղծիքներով ուղեկցվող ընտրությունները, նորաթուխ հեղափոխականներն արդեն պատրաստ են դրանք բողոքարկելու:
Դաստիարակների աշխատանքն ավարտված է:
Առաքելությունն իրականացված է, և ժողովրդավարական հեղափոխության շրջիկ գործակալներն արդեն նոր նպատակներ ունեն: Նախկին խորհրդային կայսրությունում նոր հեղաշրջումներ են պատրաստվում:
Որպեսզի արագացվի գործընթացը նրանք մտադրված են Կիևում հիմնել հեղափոխությունների տարածման նոր կենտրոն` Ժողովրդավարության միջազգային ինստիտուտ անվամբ: 2005թ. փետրվարին ինստիտուտի ստեղծման նախաձեռնող, պատվախնդիր Վլադիսլավ Կասկիվն իր նախագիծը ներկայացրեց անձամբ Ջորջ Բուշին: ,,Ես նրան ասացի, թե կցանկանայի, որ ինստիտուտը հովանավորեին և համակարգեին այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք են Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան կամ Մադլեն Օլբրայթը՚,– ասում է ,,Пора,, շարժման նախկին առաջնորդը, որը ,,նարնջագույն հեղափոխությունից,, հետո ջինսը փոխեց փողկապով և մուգ կոստյումով: Այս լուրջ անձնավորությունը բախտ է ունեցել տպավորություն գործել Սպիտակ տանը. ամերիկացիները, երևում է, նրան խոստացել են օգնել, այդ թվում` նաև ֆինանսապես: Նման ուշադրությունը նյարդայնացնում է Արևելքի վերջին բռնապետերին: Տարեմուտին ընտրություններ կանցկացվեն Ղազախստանում:
Տեղի տիրակալն արդեն նախազգուշական միջոցներ է ձեռնարկել. նա բանտ է նստեցրել շատ ակտիվիստների և մերժել Վլադիսլավ Կասկիվին` գտնվել իր տարածքում:
Ինչ վերաբերում է բելառուսական միապետին, որի դեմ հղացված ,,թավշյա հեղափոխությունը,, 2001թ. պարտվեց, ապա նա ջանում է ցանկացած գնով ,,ժողովրդավարական բրիգադների,, անդամներին հետ պահել իր երկրի տարածք մտնելուց: Վերջերս նա բանտ նետեց ուկրաինացի հինգ ակտիվիստների: Անցած տարի նրա հրամանով ծեծի ենթարկվեցին ու հետո երկրից վտարվեցին սերբ և սլովակ հեղափոխականները: Սակայն, այնուամենայնիվ, հեղափոխության որոշակի պատրաստություններ երկրից դուրս կատարվում են: ,,International Republican Institute,, կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, հարևան Լիտվայում գաղտնի պատրաստում է բելառուս ակտիվիստներին:
2004թ. վերջին ,,Freedom House,, հիմնադրամը Ռուսաստանը դասեց ոչ ազատ երկրների շարքը: Խորհրդային Միության փլուզումից հետո նման բան առաջին անգամ էր տեղի ունենում: Ռուսաստանի նախագահին իրենց ,,ռազմական ավարների,, հավաքածուում ավելացնելը նոր ,,Չե,,-երի երազանքն է: Առավել ևս` այդ է նրանց գերագույն նպատակը: Մի քանիսն արդեն աշխատում են սկզբնավորվող հեղափոխական խմբերում:
Այս ամռանը նախատեսված է սեմինարների անցկացում Ղրիմում և Ռուսաստանում, որոնց կոնկրետ վայրն առայժմ գաղտնի են պահում:
Սակայն Կրեմլի տիրոջ տապալումը դյուրին գործ չէ: Թվում է, թե նա ամուր ձեռքով պահում է իր հատուկ ծառայություններն ու բանակի մեծ մասը: Նա բացահայտորեն պաշտպանեց արյունոտ բռնարարքներն Ուզբեկստանում, և այդպիսով հասկանալ տվեց, որ ինքն էլ չի վախենա կրակել ամբոխի վրա, եթե դա անհրաժեշտ համարի: Վերջապես, ՌԴ նախագահն ակտիվիստների գործունեությունը խափանելու համար այլ միջոցներ է գտել: Նա ստեղծել է սեփական երիտասարդական կազմակերպությունը:
Այն ,,Отпор,, , ,,Կմարա,, և մյուս շարժումների նմանակն է` նույնպես երկվանկանի անվանումով` ,,Наши,,. նույն վերնաշապիկներն են, նույն ժպիտները: Բայց ծրագիրն ազգայնական է, ելույթները` կոշտ: Եվ սա ամենը չէ: Անվտանգության դաշնային ծառայությունը դես ու դեն է ընկնում, լրտեսում, մանիպուլացնում. գործակալները ներդրվում են ,,բողոքող,, խմբերում և ստեղծում այլ` կեղծ խմբեր, որպեսզի խառնեն խաղաքարտերը: Մոսկվայում միջազգային ժողովրդավարական գործակալների համար դժվար կլինի:
Շատ հարցեր են մնում: Առաջին. արդյոք ,,ժողովրդավարական բրիգադների,, անդամները Վաշինգտոնի սովորական գործակալներ են, ինչպես ցանկանում են ներկայացնել Կրեմլում և այլուր: Ճիշտ է, նրանք աշխատում են ամերիկյան (երբեմն` նաև եվրոպական) կազմակերպությունների համար, և դա չեն թաքցնում: Ճիշտ է նաև այն, որ նրանք կիսում են քեռի Սեմի արժեքները` ժողովրդավարությունն ու դոլարը, և ցանկանում են դրանք ամուր ներդնել հետխորհրդային տարածքում:
Վերջապես, ակնհայտ է, որ Սպիտակ տունը, հանձինս նրանց, տեսնում է իր ,,փափուկ ուժի,, վեկտորներին, Ռուսաստանի հետ տարվող աշխարհաքաղաքական շախմատային խաղի զինվորներին: Բայց արդյոք նրանք ԱՄՆ շահերը վեր են դասում այն երկրների շահերից, որտեղ աշխատում են: Եվ ինչպիսի Ամերիկայի մասին է խոսքը` ,,Freedom House,,-ի նեոպահպանողականների Ամերիկայի, թե ֆինանսիստ-հումանիստ Ջորջ Սորոսի, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում Ջորջ Բուշի հետ պայքարում:
Հարց երկրորդ. իրոք այդ հեղափոխությունները ժողովրդական էին, թե մի քանի ակտիվիստների ձեռքի գործ: Իրականում` և նա, և մյուսը:
Ինչպես մենք ցույց տվեցինք, դրանք կանխապես նախապատրաստվել էին ակտիվիստների ոչ մեծ կորիզի կողմից: Որպեսզի արթնացնեն ժողովրդին, բորբոքեն նրան, այդ խմբերը դիմեցին քարոզչության այժմ բոլորին հայտնի հնարքներին, իսկ երբեմն` նաև մանիպուլյացիաների:
Սակայն առանց ավտորիտար ու կոռումպացված վարչակարգի կողմից հուսահատության հասցված ժողովրդի ցասման, առանց նրա կամքի` կրկին թույլ չտալու գողանալ իրենից ընտրությունները և առանց հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր կամովին դուրս էին եկել Բելգրադի, Կիևի կամ Թբիլիսիի փողոցները, ոչինչ տեղի չէր ունենա:
Սակայն ծագում է ևս մեկ` վերջին հարցը. իսկ ինչ է լինելու հեղափոխությունից հետո: Այլ խոսքով` ինչ կկատարվի այդ ժողովուրդների հետ մի քանի տարի անց: ,,Չեն հայտնվի, արդյոք, նոր ղեկավարները նույն փոսում, ինչպես իրենց նախորդները, որոնք, հարկ է հիշել, նույնպես իշխանության եկան ժողովրդական ապստամ¬բության ալիքի վրա,,– հարցնում է Միջազգային հետազոտությունների կենտրոնի Արևելյան Եվրոպայի գծով խոշոր մասնագետ Ժակ Ռուպնիկը: Սերբական օրինակն ավելի շուտ հուսադրում է: Միլոշևիչի վարչակարգի անկումից հինգ տարի անց երևում է, որ ժողովրդավարությունը Բելգրադում հետզհետե կայունանում է, և մարդու իրավունքներն, ընդհանուր առմամբ, պաշտպանվում են: Սակայն Թբիլիսիի պարագայում, որտեղ Ջորջ Բուշը մայիսին որպես մեսիա ընդունվեց, կացությունն առավել խնդրահարույց է. 2003թ. ,,վարդերի ապստամբության,, շատ առաջնորդներ արդեն հանդես են գալիս նոր իշխանությունների դեմ` կոռուպցիային ու միլիտարիզմին վերադառնալու մերկացումներով:
Այսպիսով` խաղն ավարտված չէ: Եվ հեղափոխության ,,ալքիմիկոսների,, դեղատոմսերով գրքերը դեռ պետք կգան: Քանզի Թբիլիսիում, Կիևում կամ Բիշքեկում նրանց գուցե մեկ անգամ ևս հարկ լինի ամեն ինչ նորից սկսել:
Վենսան Ժովեր
Le Nouvel Observateur, Ֆրանսիա




Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

Ավելին »