Դուք համազգեստ եք կրում նաև բոլոր այն պահերին, երբ համազգեստ չունեք. Արմեն Սարգսյան

2019-04-15 20:40:16

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման և պետական պարգևների։

Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ իրավապահ համակարգը պետության հենասյուներից մեկն է, իսկ ոստիկանությունը՝ այդ համակարգի կարևորագույն մասն ու առանցքը:

«Ընտրելով ոստիկանի մասնագիտությունը՝ դուք ընտրել եք օրենքին ու օրինականությանը ծառայելու, օրենքն ու կարգուկանոնը պաշտպանելու, պետությանն ու քաղաքացուն ծառայելու դժվարին ճանապարհը»,-ասել է նախագահը՝ նշելով, որ թեև նրանց աշխատանքը բնութագրող հիմնական բառերը պարզ են, բայց դրանք շատ մեծ ընդգրկում ունեն՝ պաշտպանել, պահպանել, աջակցել և օգնել: «Այս բառերից առավել կարևոր են ձեր առօրյա աշխատանքն ու գործունեությունը,-ընդգծել է նախագահը:- Ձեր աշխատանքով դուք անում եք ամեն ինչ, որ ամրապնդվի օրենքի գերակայությունը երկրում՝ մասնավորապես ի դեմս կոռուպցիայի և ընդհանրապես հանցավորության դեմ պայքարի: Դուք դա անում եք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և երկրի հյուրերն իրենց անվտանգ զգան իրենց տներում, փողոցներում, քաղաքներում, գյուղերում և ընդհանրապես մեր հայրենիքում:

Ծառայելով հայրենիքին, ծառայելով օրենքին՝ վստահ եմ, դուք գիտակցում եք ձեր անձնական պատասխանատվությունը հայրենիքի, հասարակության, մեր ժողովրդի առջև: Որովհետև, ի տարբերություն մյուս պետական ծառայությունների, դուք չեք կարող անհամբերությամբ նայել ժամացույցին և սպասել, թե երբ պետք է տուն գնաք: Որովհետև դուք գիտակցում և զգում եք, որ ձեր աշխատանքը շարունակվելու է նաև այն պահից սկսած, երբ հանում եք ձեր համազգեստը, երբ փողոցում եք կամ տանը՝ ձեր աշխատավայրից հեռու: Այսինքն՝ ինչ-որ իմաստով դուք համազգեստ եք կրում նաև բոլոր այն պահերին, երբ համազգեստ չունեք, և սա մեծ իմաստ ունի»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոստիկանը ոչ միայն իրավապահ է, այլև՝ ինչ-որ իմաստով նաև սահմանապահ: Արցախյան ազատամարտի և ապրիլյան ռազմական գործողությունների օրերին ոստիկանության համակարգում ծառայողները բարձր պատվով կատարեցին իրենց պարտականությունը հայրենիքի և ժողովրդի առջև: Այսօր էլ ոստիկանության ծառայողները մասնակցում են սահմանների պաշտպանությանը: «Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորիդ, համակարգին և իմ գլուխն եմ ուզում խոնարհել այն հայրենանվեր, հայրենասեր ոստիկանների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանն ու պահպանությանը,-ասել է նախագահը:- Փառք նրանց: Նրանց հիշատակը տարիներով ու դարերով պետք է ուղեցույց լինի ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքային կենսագրության համար»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ոստիկանության ծառայողներին և համակարգի աշխատակիցներին Ոստիկանության օրվա և պարգևների առթիվ, նախագահը նրանց մաղթել է առողջություն, հաջողություններ և անվտանգ ծառայություն: 




Հասարակություն

Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ:

Ավելին »