ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԷՐ

2018-05-12 19:14:02

 

2018-ի գարնանը փոքրիկ Հայաստանը հայտնվեց համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Այստեղ մարդիկ խաղաղ բողոքում են, փակում փողոցները, երգում, խորոված անում, հյուրասիրում միմյանց, առավոտյան էլ հավաքում իրենց հետեւից։ Սա է հայկական հեղափոխությունը, որը սկսվեց Գյումրու հրապարակից՝ մի քանի հոգու քայլերթով։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ճանապարհը սկսեցին Գյումրու սակավամարդ հրապարակից։ Ապրիլի 27-ին՝ մեկնարկից 28 օր անց, նրանք վերադարձան նույն հրապարակ, որտեղ, ժողովրդական խոսքի համաձայն, ասեղ գցելու տեղ չկար։ Այս ամենի հիմքում ամիսներ շարունակ մշակված մարտավարություն էր։ Մեդիամաքսը գտել է քայլարշավ սկսելու գաղափարի հեղինակին։ Նա 27-ամյա Մխիթար Հայրապետյանն է, ով երեկ նշանակվեց ՀՀ Սփյուռքի նախարար։ 
Քայլերթի ընթացքում Մխիթարն աչքի չընկավ ակտիվությամբ, նա քայլում էր թիկունքում՝ առանց ավելորդ հպարտության, որ այս ամենն իր գաղափարն է, պատասխանում էր քաղաքացիների զանգերին ու առաջինը տեղեկանում նրանց տրամադրությունների մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսահամարն էր տալիս քաղաքացիներին, որպեսզի հարցերի դեպքում կապվեին թիմի հետ։
Քայլարշավ սկսելու գաղափարը հիմա է փայլուն հնչում, երբ կա տեսանելի արդյունք, իսկ սկզբնական փուլում կային մի շարք մտավախություններ։ Սա է պատճառը, որ  Մխիթարի առաջարկը թիմակիցները մի անգամ մերժեցին։ Այնուամենայնիվ, նա համառել է, մշակել գաղափարն ու երկրորդ անգամ ներկայացրել թիմակիցներին։ Այս անգամ այն արժանացել է նրանց միաձայն հավանության։ 

"Մեդիամաքս"-ը գտել է քայլարշավ սկսելու գաղափարի հեղինակին։ Նա 27-ամյա Մխիթար Հայրապետյանն է, ով երեկ նշանակվեց ՀՀ Սփյուռքի նախարար։ 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 12:
Քայլերթի ընթացքում Մխիթարն աչքի չընկավ ակտիվությամբ, նա քայլում էր թիկունքում՝ առանց ավելորդ հպարտության, որ այս ամենն իր գաղափարն է, պատասխանում էր քաղաքացիների զանգերին ու առաջինը տեղեկանում նրանց տրամադրությունների մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսահամարն էր տալիս քաղաքացիներին, որպեսզի հարցերի դեպքում կապվեին թիմի հետ։


Քայլարշավ սկսելու գաղափարը հիմա է փայլուն հնչում, երբ կա տեսանելի արդյունք, իսկ սկզբնական փուլում կային մի շարք մտավախություններ։ Սա է պատճառը, որ  Մխիթարի առաջարկը թիմակիցները մի անգամ մերժեցին։ Այնուամենայնիվ, նա համառել է, մշակել գաղափարն ու երկրորդ անգամ ներկայացրել թիմակիցներին։ Այս անգամ այն արժանացել է նրանց միաձայն հավանության։ 

Մխիթարի հետ մեր հանդիպումը կայացավ «Դիվանբաշի» փաբում, գրում է Մեդիամաքսը, որտեղ էլ խմորվել ու զարգացել է ամբողջ պրոցեսը։ Ասում է՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրել է թափանցիկության սկզբունքը, մարտավարական նկատառումներից ելնելով` որոշել են քննարկումները կուսակցության գրասենյակում չանել։ Ձեւավորվել է «կրեատիվների» 6-8 հոգանոց խումբ, որը մշակել է օրակարգը, դրես-կոդը, ճամբարի ձեւը, տեղը, գաղափարական հարցեր։

Մխիթար Հայրապետյանը մասնագիտությամբ արեւելագետ է, ավարտել է ԵՊՀ-ն։ Ունի մագիստրոսի կոչում։ Նորանշանակ նախարարը զբաղվել է զբոսաշրջությամբ՝ կազմակերպելով ուղեւորություններ դեպի Արեւմտյան Հայաստան։ 2015 թվականից իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր։ Մասնագիտացած է նաեւ ոչ բռնի գործողությունների, խաղաղ անհնազանդության մեթոդաբանության մշակման, դրանց մատուցման հարցերում, որտեղից էլ սկսվում է շարժման հիմքը։

«Քայլարշավի գաղափարի հիմքում ընկած է Մահաթմա Գանդիի ուսմունքը ոչ բռնի պայքարի վերաբերյալ։ Այս տեխնոլոգիաների մեթոդաբանությանը վաղուց եմ ծանոթ։ Օգտվել ենք 1930 թվականին «Աղի երթի» ընթացքում կիրառված տեխնոլոգիաներից, մասնավորապես, երբ Գանդին 387 կմ քայլեց՝ սոցիալական հարցեր բարձրացնելու նպատակով։ Նա երթը սկսեց 8 հոգով, ավարտեց 80 հազարով։ Երկրորդ օրինակը վերցրել ենք Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուի 2017 թվականի քայլերթից, երբ նա քաղբանտարկյալների խնդիրը բարձրացնելու համար Անկարայից քայլեց Ստամբուլ՝ շուրջ 450 կմ։ Նա եւս միայնակ  մեկնարկեց քայլերթը եւ շուրջ 300 հազար կողմնակիցներով մուտք գործեց Ստամբուլ»,- պատմում է նա, ապա ավելացնում, որ հաշվի չեն առել նշված շարժումների արդյունքները, օգտվել  են քայլերթի միջոցով իրազեկման ակցիա անելու, մարդկանց թիվը բազմապատկելու տեխնոլոգիաներից։

Եթե նշված 2 դեպքում կիրառվել էր 24-օրյա քայլերթի տարբերակը, Մխիթարի գաղափարի շուրջ համախմբված թիմը կանգ է առել 14-օրյա քայլերթի վրա՝ հաշվի առնելով Հայաստանում քաղաքական իրողություններն ու ժամկետների սղությունը։ Գյումրուց քայլարշավ սկսելը եւս պատահական չէր։ Նրա խոսքով՝ Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Հրազդան-Աբովյան-Երեւան երթուղին գծելիս իրենք հաշվի են առել ոչ միայն այն, որ Գյումրին, Վանաձորն ու Երեւանը Հայաստանի խոշորագույն 3 քաղաքներն են, այլեւ այն փաստը, որ տվյալ բնակավայրերում առկա քաղաքական տրամադրվածությունները գերակշռմամբ ընդդիմադիր են։ Մանրակրկիտ մշակված ծրագիրը պայքարի ընթացքում  վստահություն է ձեւավորել թիմի հանդեպ: 

«Գուցե վերամբարձ հնչի, սակայն առաջին անգամ ընդդիմությունը քաղաքական լրջագույն պրոցես սկսելուց առաջ հաշվարկել էր առնվազն իր քայլերը եւ ուներ հստակ ծրագիր, գործողությունների հստակ պլան։ Մենք ներկայացրինք, որ մեր հաշվարկներով՝ Գյումրուց քայլարշավ սկսելու դեպքում ապրիլի 13-ին Երեւանի հանրահավաքին կմասնակցի 4000-5000 մարդ։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե այդ օրն իսկապես այդքան մարդ հավաքվի, խոստանում եմ իշխանափոխություն անել։ Ապրիլի 13-ի հավաքի համար վերջում հաշվարկվեց եւ հրապարակվեց 4700 թիվը»։

 

Մխիթարի խոսքով՝ քայլարշավի քննարկումները սկսվել են 2018-ի հունվարից։ Փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մարզվել սկսել էր օգոստոսից, Մխիթարը բացատրում է նրանով, որ քաղաքական պրոցես իրենք այսպես, թե այնպես սկսելու էին, սակայն 2017-ի օգոստոսին պայքարի ձեւաչափը դեռ ոչ ոք չգիտեր։

 

«Գաղափարը ծնվեց հունվարին, հաստատվեց փետրվարին։ Առաջին անգամ այն մերժվելու հիմնական պատճառն այն էր, որ մենք մեր քաղաքական առաջնորդի գլխավորությամբ ասել էինք, որ հանրությանը դուրս կբերենք փողոցային պայքարի միայն մեկ անգամ։ Ռիսկը, որ մենք կտանեինք պարտության, հիասթափության ահռելի էր։ Բոլորս էլ հասկանում էինք, որ ինչ-որ իմաստով սա «վաբանկ» է, որովհետեւ, երբ հայտարարում ես իշխանափոխության մասին՝ նկատի ունենալով ոչ միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, այլեւ ընդհանուր իշխանափոխությունը, դա հղի է բազմաթիվ ռիսկերով, կարող է հերթական անգամ կոտրել ժողովրդի ողնաշարը։ Պատմության ընթացքում ընդդիմադիրների կողմից նման հարվածներ ժողովուրդն արդեն ստացել էր։ Այնուամենայնիվ, ես չհանձնվեցի ու եւս մեկ անգամ փորձեցի համոզել, որ եթե փորձում ենք անել իշխանափոխություն, դա պետք է լինի ամենառիսկայինը, դա պետք է լինի «վաբանկ»։ Բանակցությունների սեղանին դրված էր փաստաթուղթ, որը մշակված է մեր թիմի կողմից։ Բարեբախտաբար, ՔՊ-ն, չնայած բոլոր ծանրակշիռ փաստարկներին, միաձայն կողմ քվեարկեց քայլերթին։ Այն ժամանակ նշվում էր «14+4» օր բանաձեւը, որը հետո դարձավ 24 եւ ավելի»,- պատմում է նա։

Երկու անգամ իր գաղափարն առաջ քաշած երիտասարդ գործչի համար պատասխանատվությունը մեծ էր, սակայն նա հավաստիացնում է, որ առաջին իսկ օրվանից թիմակիցները թույլ չեն տվել անձնական պատասխնատվություն կրել այս ամենի համար. «Ի պատիվ իմ թիմակիցների՝ պիտի ասեմ, որ անմիջապես կիսել են ինձ հետ այդ պատասխանատվությունը։ Մենք ունեինք պատասխանատվություն հանրության առաջ։ Ի սկզբանե ունեինք գաղափարախոսություն, որ սա լինելու է քաղաքացու, ոչ թե քաղաքական գործչի քայլը։ Մեր պայքարի առաքելությունը ՀՀ քաղաքացու հաղթանակն էր, որով ուղղորդվել ենք, երբ քայլել ենք, մեզ բերման են ենթարկել, կամուրջներ ենք փակել»։

 

Ինքը՝ Մխիթարը երբեւէ բերման չի ենթարկվել։ Ասում է՝ ինքը շատ արագ է, 3 անգամ հայտնվել է ոստիկանական մեքենայում, սակայն ճարպկության շնորհիվ կարողացել է դուրս պրծնել այնտեղից, իսկ ահա ծեծ, իր խոսքով, «կերել է եւ, փառք Աստծո, թիմակիցներից հետ չի մնացել»։

 

Մխիթարը ժպիտով է հիշում, որ շատերն իրենց ծաղրում էին, երբ 2016-ին՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը կոչ էր արել վեր բարձրացնել ձեռքերը՝ ի նշան խաղաղության։

«Այդ ժամանակ կուսակցությունը գործում էր 1 տարի։ Նիկոլ Փաշինյանն ինքնաբուխ կերպով հավաքվածներին կոչ  արեց ձեռքերը վեր բարձրացնել, նպատակն ուժայիններին ցույց տալն էր, որ մենք չունենք քար, փայտ, կտրող գործիք։ Մի բան, որն այլեւս թույլ չէր տալիս ոստիկանությանն ուժ կիրառել ժողովրդի դեմ։ 2 տարի շարունակ մեզ ծաղրել են, մեղադրել, այդ գաղափարախոսությանը լուրջ չեն վերաբերել՝ համեմատելով հանձնվող ձեռքերի հետ։ 2 տարի աշխատանք տարանք հանրության հետ՝ փորձելով բացատրել, որ բաց ձեռքերն օդում բավականին ուժեղ ձեռքեր են։ Ինչպես Գանդին էր ասում, ուժեղ է նա, ով կամքով է ուժեղ։ Քաղաքացու երգում էլ շատ կարեւոր մի խոսք կա՝ մեր կամքը ուժեղ է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի։ Սրանով մենք ցույց էինք տալիս մեր կամքը։ Երբ հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիրը», որի հիմնական նպատակն իշխանափոխությունն էր, մենք հասկանում էինք, որ դրա համար երկու ուղղություն կար՝ ընտրական գործընթաց, կամ թավշյա հեղափոխություն։ Մեր կուսակցության հիմքում ընկած էր առանց բռնության համակարգային փոփոխություններ անելու փիլիսոփայությունը, ինչն էլ ինձ ստիպել էր լինել կուսակցության հիմնադրման ակունքներում»,- պատմում է Մխիթարը։

Ամբողջությամբ՝ mediamax.am

 

 




Հասարակություն

ՋԱՍԹԻՆ ԹՐՅՈՒԴՈՐԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Ջասթին Թրյուդոն պատմել է իր հոր հետ ունեցած մի զրույցի մասին, ինչն էլ Հայաստանը բացահայտելու առիթ է դարձել իր համար:

Ավելին »